Վերնատուն

Երաժշտություն և պոեզիա՝ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված երեկո․ «Վերնատուն»

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու գրական երաժշտական երեկո՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին։

Ռազմիկ Դավոյանի կինը՝ լեզվաբան, թարգմանիչ Արմինե Թամրազյան-Դավոյանը, և կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին խոսում են միջոցառման, Դավոյանի բանաստեղծությունների նոր ժողովածուի, բանաստեղծի ստեղծագործության առանձնահատկությունների, նրա ժառանգության՝ Հայաստանում և միջազգային գրական շրջանակներում ներկայացվածության մասին։

Վահան Արծրունին պատմում է, որ դեռ բանաստեղծի կենդանության օրոք եղել են գրական- երաժշտական երեկոներ, և այս ձևաչափի գաղափարի հեղինակը Ռազմիկ Դավոյանն է։

Վահան Արծրունին ունի շուրջ երկու տասնյակ երգ՝ գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ Նա ասում է, որ նպատակ չի ունեցել Դավոյանի ստեղծագործություններից երգերի շարք ստեղծելու։ Երգերն ինքնաբերաբար են ստեղծվել։

«Ամենաերգվող ժամանակակից պոետն է։ Երաժշտական բաղադրիչ արդեն կա Դավոյանի պոեզիայում, և դա նրա պոեզիայի ամենամեծ առանձնահատկությունն է։ Համերգի շրջանակներում մեր գերխնդիրը Ռազմիկ Դավոյանին և նրա պոեզիայի տարբեր հանգրվաններն առավել ամբողջական ներկայացնելն է», – ասում է Արծրունին։

Բանաստեղծի 85-ամյակի առիթով լույս է տեսել բանաստեղծի «Շշուկի նման» վերնագրով պոեզիայի ընտրանին, որը, ինչպես Արմինե Թամրազյան-Դավոյանն ասաց, հետընթաց ժամանակագրությամբ կազմված ժողովածու է՝ վերջից սկիզբ, որտեղ ներառված են սիրային, փիլիսոփայական և այլ բանաստեղծություններ, որոնց առանցքում մարդն է։

Վահան Արծրունին նշում է, որ Դավոյանի որոշ բանաստեղծություններ մարգարեկան են։ Նա առանձնացնում է պոետի հայտնի բանաստեղծությունը, որտեղ ասվում է՝ «Եթե դու քո ճանապարհին նախնիներիդ չես հանդիպել, ուրեմն դու սխալ ճանապարհով ես գնում։ Եվ ոչ մի հրաշք չի փրկելու քեզ»։

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված երաժշտական երեկոն տեղի կունենա մարտի 27-ին, ժամը 19։00–ին։

Կարդացեք նաև

Back to top button