
Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական խմբերից մեկը տասնամյակներ շարունակ զբաղվում է արագացուցչային դիագնոստիկայով։ Նրաք չափում են տարբեր արագացուցչային և ֆոտոնային փնջերի պրոֆիլները՝ օգտագործելով իրենց խմբի կողմից մշակված սարքավորումները՝ հիմնված տատանվող լարի մեթոդի վրա։
Էլեոնորա Լազարևան լաբորատորիայի երկարամյա գիտաշխատողներից է: Ցիկլոտրոն C18-ը և ԼՈՒԷ-75 գծային արագացուցչային համալիրը գտնվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Գիտնականները հաճախ են փորձարարական աշխատանքներ կատարում այդ արագացուցիչների վրա։
ԱԱԳԼ-ի արագացուցչի դիագնոստիկայի խումբը մշակել, պատրաստել և հաջողությամբ փորձարկել է ցիկլոտրոն C18 պրոտոնային փնջի՝ տատանվող լարի մոնիտորներով՝ պրոֆիլավորման XY-կայանը:
Նպատակն է` փորձարարների համար պարզ և հասանելի պրոֆիլ չափելու գործիք ստեղծելը։ Մշակվել է նոր ծրագիր, որը նորմալացնում է պրոֆիլներն առավելագույն արժեքով 2D և 3D գունային ներկայացումներում։


Գիտական խումբը նոր ուղղություն է մշակել՝ նյութաբանություն։ Գիտնականն արձանագրում է՝ ցանկանում են լարը երկարատև տեղադրելով փնջի տակ, ուսումնասիրեն մետաղի կառուցվածքի փոփոխությունները՝ կախված պրոտոնի մասնիկներից ու էներգիայից:
Փնջերի պրոֆիլի չափումների հիմնական նպատակն արագացուցչի մեջ փնջի դինամիկան հասկանալն է, արագացուցչի երկայնքով փնջի կորուստները նվազագույնի հասցնելը։ Կան բազմաթիվ պատճառներ, որոնք հանգեցնում են, օրինակ, փնջերի չափսերի մեծացմանը, ինչպիսիք են ծավալային լիցքը, ցրումը, ռեզոնանսները և այլն, որոնք կարելի է դիտարկել պրոֆիլի մոնիտորների միջոցով: Ցիկլոտրոն C18, որը նախատեսված է բժշկական իզոտոպների արտադրության համար, ունի փնջի ելք փորձարարական դահլիճ, նախատեսված ԱԱԳԼ-ի փորձարարների համար:
Նախատեսվում է չափել ԱԱԳԼ-ի ԼՈՒԷ-75 համալիրի գծային արագացուցչի էլեկտրոնային փնջի պրոֆիլը հատուկ մշակված տատանվող լարով նոր XY-կայանի միջոցով: Մեր առաջարկած պրոֆիլների չափման մեթոդը կարող է և՛ առանձին հետաքրքրություն ներկայացնել, և՛ հանդիսանալ այլընտրանքային՝ բոլորովին տարբեր մեթոդներով ստացված պրոֆիլները համեմատելու առումով: Ներկայումս նախնական աշխատանքներ են տարվում էլեկտրոնային փնջի պրոֆիլավորման սարքավորումների հավաքման ուղղությամբ։
Նախագծի շրջանակում կմշակվի լաբորատոր ստենդ։ Առաջարկվում է օգտագործել XY-կայանը նոր ուղղությամբ (նյութագիտություն)՝ ուսումնասիրելու համար ծանր մասնիկներով (պրոտոններ, նեյտրոններ, ալֆա մասնիկներ) ճառագայթված նյութերի փխրունությունը և կարծրացումը։ Նախատեսվում է XY-կայանը տեղադրել ցիկլոտրոն C18 պրոտոնային փնջի ելքին՝ մոնիտորի լարերը ենթարկելով երկարաժամկետ ճառագայթման։
Ծանր մասնիկների հոսքերով նյութերի ճառագայթման գործընթացում նկատվում է նյութերի կառուցվածքի վնասվածք։ Նման վնասվածքների կուտակման արդյունքում առաջանում են նյութերի հատկությունների մնացորդային փոփոխություններ, մասնավորապես՝ փխրունություն և կարծրացում։ Այս խնդիրը հատկապես արդիական է միջուկային էներգետիկայում՝ միջուկային ռեակտորների կորպուսների նյութերի ուսումնասիրության համար:




