ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերն աճում են, հոգեբանների հաստիքները՝ թափուր մնում

2024-ին քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն աճել են։ Նախորդ տարում գրանցվել է 626 ինքնավնասման դեպք 205 ազատազրկված անձանց կողմից։ 2023-ին 155 անձ է ինքնավնասման դիմել։ Տվյալները «Մեդիա կենտրոնում» հայտնել է Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ ինքնավնասումների հիմնական պատճառներն են ոչ պատշաճ բժշկական օգնությունից դժգոհությունները, ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության խնդիրները և անհամաձայնությունը քրեակատարողական հիմնարկի որոշումներին։

2024-ին ինքնավնասման ամենաշատ դեպքերը եղել են «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։ Սրանք ամենամեծ մեկուսարարններն են, դատապարտյալներն այստեղ հիմնականում պահվում են փակ խցային պայմաններում։ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը մարդու ազատությունների ու հնարավորությունների սահմանափակումներով է բացատրում ինքնավնասումների վիճակագրությունը․

«Անձը, որ գտնվել է խցային պայմաններում, պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, հայտարարել է հացադուլներ, երբ դատավճռով կամ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվել է կացարանային պայմաններում, ինչը ենթադրել է ավելի շատ սեփական տարածք, սեփական ժամանակը տնօրինելու հնարավորություններ, այլևս չի կատարել ինքնավնասումներ»։ 

Նախորդ տարում ինքնավնասման դիմած 205 անձանցից 144-ը եղել են կալանավորվածներ, 61-ը՝ դատապարտյալներ։ Ցողիկ Ալեքսանյանի խոսքով՝ այս վիճակագրությունը հոգեբանական բացատրություն ունի։ Դեռևս դատավճիռ չունեցող անձինք ավելի անորոշ իրավիճակում են, պարբերաբար քննչական գործողությունների են մասնակցում։ Ինքնավնասման դիմած անձանց բարձրաձայնած բազմաթիվ դժգոհություններից Ալեքսանյանը թվարկում է երեք ամենատարածվածները։

«2024-ին առաջին տեղում եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխվելու ցանկությունը, դեղորայքի և բուժանձնակազմի հետ կապված խնդիրները և պահանջները։ Երկրորդ տեղում նյարդային լարվածությունն է, հոգեկան անհավասարակշիռ վիճակում լինելն է նշվել որպես պատճատ։ Երրորդը մեծ խումբը քրեակատարողական հիմնարկի կամ ծառայության կայացրած որոշումների հետ անհամաձայնությունն է»։

ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանն ասում է, որ չնայած 2024-ին քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության դեպք չի արձանագրվել, բայց ՄԻՊ գրասենյակը իրավասու մարմիններից համոզիչ պատասխաններ դեռ չի ստացել նախկինում կատարված մի շարք դեպքերի առնչությամբ։

«Մենք ունենք դեռևս նախորդ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կասեցված վարույթներ, որոնք մինչ օրս մնում են կասեցված, ունենք դեպքեր, երբ նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ, և տարիներով փորձաքննության եզրակացությունը չի ստացվում, ունենք 2019-ի մահվան, ինքնասպանության դեպքեր, 2020-ի դեպքերով վարույթներ, որոնք մինչ օրս կասեցված են  կամ եզրակացություն չեն ստանում»։

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանն ասում է, որ հաճախ այդպես էլ չեն ստանում «ինչո՞ւ և ինչպե՞ս է անձը ինքնավնասման դիմել, ո՞վ է մեղավոր և ո՞վ պատժվեց» հարցերի պատասխանները․

«Օրինակ՝ մարդը խցում է և մատները կտրում է, որտեղի՞ց այդ մարդուն այդ գործիքները, եթե մարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի, ինչո՞ւ այդ խնդիրը չի քննարկվել։ Լավ, մի մատը չի կտրել, 8 մատն է կտրել, ինչո՞ւ  չի քննարկվել․․․ Այդպիսի շատ խնդիրներ կան»։ 

Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Ցողիկ Ալեքսանյանը պատասխանում է, որ այդպիսի դեպքերում իբրև գործիք օգտագործվում է սափրիչը։ Մի կողմից՝ այն հիգիենայի պարտադիր պարագա է, մյուս կողմից՝ կարող է վտանգավոր իր լինել։ Հարցին, ասում է Ալեքսանյանը, փորձ է արվել օրենսդրական լուծում տալու։

«Մենք Քրեակատարողական օրենսգրքով, նաև ներքին կանոնակարգով ամրագրված նորմ ունենք, որ ինքնասպանության կամ ինքնավնասման բարձր ռիսկի, այդ ռիսկի կառավարման պլանի առկայության դեպքում  հիմնարկի պետը կարող է կայացնել որոշում, որ անձին  չտրամադրվեն այնպիսի առարկաներ, որոնք արգելված իրեր չեն հանդիսանում, սակայն որոնցով անձը կարող է կատարել ինքնավնասում»։

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Հավհաննես Ղուկասյանը ռիսկի կառավարման գործիքի արդյունավետության հարցում կասկածներ ունի։

«Գործիքի արդյունավետության վերաբերյալ դեռ մնում են մտահոգություններ, էստեղ շատ կարևոր է հոգեբանների աշխատանքը, իսկ մենք ունենք հոգեբանների թափուր հաստիքներ, վերջին տարիներին ավելացել է ազատությունից զրկված անձանց թիվը, ու հոգեբանների ոչ բավարար քանակ ունենք»։

Քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հոգեբանների լինել-չլինելը կամ վատ աշխատանքը դիտարկում է «ո՞վ է մեղավոր» հարցի համատեքստում․

«Կարո՞ղ եմ արձանագրել այն փաստը, որ եթե մենք ունենք ինքնավնասումներ, նշանակում է՝ հոգեբանները լավ չեն աշխատել, իսկ եթե աշխատել են, որտե՞ղ են էդ հոգեբանների զեկույցները, որտե՞ղ են հոգեբանների նկատառումները, բժիշկների եզրակացությունները։ Եթե  հոգեբանը չի տվել եզրակացություն այդ մարդուն տեղափոխելու կամ անհապաղ միջոցներ ձեռնարկելու, ուրեմն պետք է հոգեբանին պատասխանատվության ենթարկել,  իսկ եթե տվել է, պետը չի իրականացրել, ուրեմն պետը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե այդ շղթան որտեղից է սկսվում և որտեղ վերջանում»։ 

Ցողիկ Ալեքսանյանն առաջարկում է խուսափել ուղիղ պատճառահետևանքային կապերից։ Ասում է, որ բոլոր այն դեպքերում , երբ իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ դիմում են ծառայողական քննություն անցկացնելու պահանջով կամ արդեն ունեն հիմնավոր փաստեր որևէ աշխատակցի վերաբերյալ, ՔԿ ծառայությունը չի խուսափում մեղավորներին պատժելուց։ Հարցին, թե ինչ են ցույց տվել վերջին տարիների ծառայողական քննությունները, պատասխանում է, որ նախորդ տարիներին ծառայողական քննություն նախաձեռնելու անհրաժեշտություն չի առաջացել։

Կարդացեք նաև

Back to top button