
Մայիս ամսին տեղի կունենա Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի բացման արարողությունը, որը գտնվում է Հրազդան համայնքում։ Աղբավայրը կսպասարկի Կոտայքի և Գեղարքունի մարզերին։ Երկու մարզերի բոլոր համայնքերից կոշտ կենցաղային աղբը հատուկ տոփանող տեխնիկաների օգնությամբ կտեղափոխվի սանիտարական աղբավայր, որտեղ խառը աղբը կթաղվի հնարավորինս անվնաս՝ նվազեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը։
Աղբավայրն ունի հատուկ մեմբրանային շերտ, որը կանխելու է աղբաջրերի թափանցումը գրունտային ջրեր։ Բացի դրանից, նոր սանիտարական աղբավայրի բացմամբ շուրջ 50 մեծ և փոքր աղբավայրեր, որոնք առկա են երկու մարզում, այլևս չեն շահագործվի։
«Մենք հիմա գտնվում ենք Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի հենց կողքը, սա աղբավայրի 1-ին բջիջն է»։

Սերգեյ Համբարձումյանն է՝ «Կոնայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի տնօրենը, մեզ պատմում է Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի մասին, որը շուտով՝ մայիս ամսին կշահագործվի։
«Աղբավայրի ներքևի հատվածը բարձրացված է, մոտ 1 մ կավով տոպանված, հետո գեոմեմբրան, խողովակաշարեր, որոնք ծակոտկեններով են, ֆիլտրվող գեոտեքստիլ, գլաքար: Այսինքն՝ ամեն ինչ արված է, որ այստեղ խառը աղբը, ժամանակի ընթացքում իրենից առաջացած էդ սեղմահեղուկները ֆիլտրվեն և փակ խողովակաշարով դուրս գա։ Տարածքի ամենավերջում ունենք առանձին ավազան․ որտեղ հավաքվելու է էդ սեղմաջուրը։ Այսինքն՝ բացառվում է, որ կեղտաջրերը կխառնվեն ստորգետնյա ջրերին: Ընդհանրապես էն խառը աղբի հավաքումը և կուտակումը կարվի անվնաս և շրջակա միջավայրի վնասները կհասցվի զրոյին, մինիմալին»։


Երկու մարզի կենցաղային թափոնների խնդիրն ակնակալվում է, որ կլուծվի այս աղբավայրի շահագործմամբ։ Սանիտարական աղբավայր ունենալն անհրաժեշտություն է մեր երկրի համար։ Գոնե կունենանք մեկ կառավարվող աղբավայր, որի գրագետ շահագործվելու դեպքում աղբի ինքնայրման դեպքեր չեն լինի։
Աղբատար մեքենաներն ունեն աղբը տոփանելու հնարավորություն։ Բացի այդ Մարտունի և Աբովյան քաղաքներում գործելու են կայաններ, որտեղ պրեսավորվելուց հետո աղբը տեղափոխվելու է սանիտարական աղբավայր։

Ուսումնասիրությունների համաձայն, որոնք կատարվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում առաջացնում է մոտ 200 կգ աղբ։ Այս հաշվարկներով նոր կառուցված աղբավայրը երկու մարզին կարող է ծառայել ընդամենը 20-25 տարի։ Սակայն, եթե բնակիչներն անցնեն աղբի տեսակավորմանն, ապա աղբավայրի կյանքը կերկարի։ Անկախ փորձագետ Հարություն Ալպետյանն ասում է` տեսակավորման գործընթացին անցնելը պարտադիր է․
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջին տարիներին քաղաքացիներից ստանում է դիմում-բողոքներ՝ աղբավայրերում հրդեհների, դեպի բնակավայրեր ծխի տարածման ուղղությամբ, մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԵ կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Պոտոսյանը։


2017-19թթ․-ին կատարված ուսումնասիրության արդյունքներով մեր հանրապետությունում գործող աղբավայրերի թիվը 297-ն էր, սակայն այն համայնքների խոշորացումից հետո նվազել է ։ Վահան Պոտոսյանի խոսքով՝ Կոտայք և Գեղարքունիք մարզերի համար նախատեսված սանիտարական աղբավայրի շահագործմամբ մարզերում առկա 50-ից ավելի մեծ և փոքր աղբավայրեր այլևս չեն շահագործվի։ Նախարարության ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը նպատակ ունի հանրապետության մյուս մարզերի համար ևս կառուցել սանիտարական աղբավայրեր։
Նշենք, որ այս սանիտարական աղբավայրի կառուցման համար ծախսվել է շուրջ 5.9 մլն եվրո։ Սա բավականին մեծ ներդրում է, հետևաբար պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի աղբավայրը երկար շահագործվի։ Ինչ վերաբերում է կառուցմանը, ապա բուն շինարակական աշխատանքները տևել են 2.5 տարի։
Ամփոփելով, ևս մեկ անգամ նշենք, որ աղբի տեսակավորումը բնակիչների կողմից պարզապես անհրաժեշտություն է և՛ բնության պահպանության, և՛ մարդու առողջության պահպանության տեսանկյունից։




