ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

5 հարցուպատասխան՝ 10 ժամում․ ընտրվել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները

Արթուր Նահապետյան, Գևորգ Քոչարյան, Պետրոս Մարտիրոսյան․ մրցութային խորհուրդը 5 թեկնածուներից այս 3-ին է առանձնացրել և առաջարկել կառավարությանը՝ դիտարկել հենց նրանց թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի համար։ Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, մրցութային հանձնաժողովից ստացել է 439 միավոր, Գևորգ Քոչարյանը նախկինում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ է եղել, ստացել է 379 միավոր, իսկ Պետրոս Մարտիրոսյանը, որը Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարն է, ստացել է 393 միավոր։ Անցողիկ 300 միավորի շեմը չեն հաղթահարել Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը։ Մրցութային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրության լայն հնարավորություն է եղել։

«5-ից 3-ն ունեին քնչական փորձ, 4-ը՝ դատախազական փորձ, 2-ը աշխատել էին նաև մասնավոր ոլորտում, բոլոր 5-ը պետական ոլորտում աշխատանքի փորձ ունեին։ 2-ի բարեվարքությունը բացասական էր, 5-ից 2-ն ունեին հենց հակակոռուպցիոն գրոծունեության նեղ մասնագիտացած փորձ՝ իրավապահ համակարգում կոռուպցիայի հակազդման մասնագիտացված փորձ, և 1-ը դատական համակարգում կոռուպցիայի հակազդման փորձ ուներ»։

Գնահատող խորհուրդի 6 անդամները ներկայացնում են Բարձրագույն դատական խորհուրդը, Գլխավոր դատախազությունը, ԱԺ-ն, կառավարությունը և քաղհասարակությունը։ Գնահատականները տրվել են երեք ուղղությամբ՝ անձնական որակներ, բարեվարքություն ու մասնագիտական գիտելիքներ։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ կարծիքները հիմնականում նույնանման են եղել, բայց բացառություններ կան․

«Կան թեկնածուներ, որոնց մասով գնահատականներն էապես տարբերվում էին։ Օրինակ՝ Պետրոս Մարտիրոսյանի մասով ես բարեվարքությունը գնահատել եմ առավելագույն 40-ից 4, բայց եղել է հանձնաժողովի անդամ, ով գնահատել է 40-ից 40»։

Այսպիսով, Իոաննիսյանը ներկայացրել է հատուկ կարծիք՝ պարզաբանելով այդպես գնահատելու իր որոշման հիմքերը։ 4 կետից բաղկացած հատուկ կարծիքի առաջին կետը, օրինակ, այն մասին է, որ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը մեկնել է Մոսկվա և մասնակցել ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին այն ժամանակ, երբ ընկերության աշխատակիցները հստակ բողոքներով գործադուլ էին անում։ Մեկ այլ կետ վերաբերում է Պետրոս Մարտիրոսյանի մասնագիտական որոշումներին։ Օրինակ՝ Լոռու մարզի դատախազ լինելու ժամանակ մեղադրանք է ներկայացրել Կարեն Կունգուրցևին, անտեսելով քննիչի կատարած էական և ակնհայտ խախտումները: Հետևապես Կունգուրցևը մինչև արդարացվելը շուրջ երեք տարի ազատազրկված է եղել:

«Երրորդը վերաբերում էր նրան, որ խնայողությունները պահում է կանխիկ։ Սա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ևս համարվում է լրացուցիչ ռիսկային հանգամանք։ Նաև չի կարողացել պատշաճ հիմնավորի, թե 2017-ին, ունենալով դատախազի աշխատավարձ, որը այն ժամանակ, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէր, կարողացել է կուտակել 6 միլիոն դրամի խնայողություն։ 6 միլիոն դրամը օլիգարխի հարստություն չի, զանգվածային թալանի մասին չի խոսում, բայց մենք խոսում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մասին, որի բարեվարքության մակարդակը պետք է անբասիր լինի»։

Մյուս երեք թեկնածուների վերաբերյալ ևս մրցութային խմբի անդամը վերապահումներ ունի։ Օրինակ՝ Քննչական կոմիտեի ներկայիս փոխնախագահ Արթուր Նահապետյանի հետ կապված մտահոգությունները վերաբերում են նրա կայացրած որոշումներին, իսկ Գևորգ Քոչարյանը, օրինակ, թույլ է տվել ճանապարհային երթևեկության դիտավորյալ խախտումներ, որոնք ևս չեն համապատասխանում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարից ակնկալվող անբասիր վարքին։ Լավ կողմեր ևս կան՝ նշում է Իոաննիսյանը․

«Պետրոս Մարտիրոսյանի մասով ուժեղ կողմն այն է, որ ինքը տեսչական մարմինների հետ աշխատելու բավականին փորձ ունի։ Արթուր Նահապետյանի մասով ինձ դուր եկավ իր բարեվարքությունը։ Ես ազնվությամբ ասեմ՝ մենք իր մասով բավականին շատ տեղեկություններ ենք փորձել ման գալ, ստուգել ու էական խնդիր չենք հայտնաբերել։ Այն, որ, օրինակ, հարցազրույցի ժամանակ ասում էր, որ մեքենա չունի, մենք էդ տեղեկությունը տարբեր ձևերով ստուգել ենք, պարբերաբար այցելել ենք իրեն պատկանող ավտոկայանատեղի, բնականաբար, անակնկալ ժամերի, գիշերվա ժամերին ու տեսել ենք, որ իրոք ավտոմեքենա չունի։ Պարոն Քոչարյանի մասին հիմնական ուժեղ կողմն այն է, որ չի վախեցել նույնիսկ ամենաթեժ ժամանակներում, դեֆակտո հետապնդում, (թեև հետապնդում չեն համարվում ապօրինի գույքի գործով վարույթները), իրականացնել այնպիսի ազդեցիկ մարդկանց մասով, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Սյունիքի նախկին մարզպետը, Սերժ Սարգսյանի եղբայրը և այլն»։

Այս երեք թեկնածուներից ի վերջո ո՞վ կդառնա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, կորոշի կառավարությունը։ Նշենք նաև, որ այդ որոշումը կարող է չկայացվել․ այդ դեպքում մրցույթը կհամարվի չկայացած, և կհայտարարվի նոր մրցույթ։

Կարդացեք նաև

Back to top button