ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն ավելի «հեշտ» է Ռուսաստանի հետ գործ ունենալ, քան Ուկրաինայի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերում, և որ լավ փոխըմբռնում ունի Վլադիմիր Պուտինի հետ:
Ամերիկացի առաջնորդը ելույթ է ունեցել ուրբաթ՝ մարտի 7-ին, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
«Անկեղծ ասած, ինձ համար գնալով ավելի է դժվարանում գործ ունենալ Ուկրաինայի հետ, իսկ նրանք քարտեր չունեն»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։ «Ռուսաստանի հետ կարող է ավելի հեշտ լինել»,- հավելել է նա։
Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Մոսկվային նոր պատժամիջոցներով Truth Social սոցիալական ցանցում։ Միաժամանակ Սպիտակ տանը նա հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու են ռուսական զորքերը մարտի 7-ի գիշերը զանգվածային ռմբակոծություն իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ։
«Իրականում, ես կարծում եմ, որ Պուտինն անում է այն, ինչ հիմա կաներ նրա փոխարեն յուրաքանչյուրը»,- Թրամփի խոսքերը մեջբերել է AFP-ն։
Հարցին, թե ինչու նա Ուկրաինային պաշտպանական զենք չի տրամադրի՝ ռուսական ռմբակոծություններից պաշտպանելու համար, Թրամփը պատասխանել է, որ վստահ չէ, որ ուկրաինացի առաջնորդները ցանկանում են վերջ տալ պատերազմին:
«Ես պետք է իմանամ, որ նրանք ցանկանում են կարգավորել իրավիճակը»,-մեջբերում է նրա խոսքերը The Hill-ը։
Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ իր հարաբերություններին։ «Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, և գիտեք, որ նա ցանկանում է ավարտել պատերազմը»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ նա ավելի առատաձեռն կլինի, քան պետք է, և դա շատ լավ բան է»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ «Ես հավատում եմ նրան»,- ասել է նա։




