Ալյոնա Հայրապետյանը ծնվել է 1990 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունն անցել է հիմնականում Շուշիում, որտեղ ապրում էր Ալյոնայի մորաքույրը, մայրիկին կորցրել է հինգ տարեկանում։ Տխրության ու մենության պահերին մխիթարությունը մայրիկի շիրիմն էր, որն այսօր մնացել է հակառակորդի զավթած Արցախում։ Ալյոնան նկարչուհի է, ավարտել է Ստեփանակերտի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտը։ Արցախից դուրս գալուց հետո նրա փրկությունը, ինչպես ասում է, նկարչությունն էր։ Այսօր անգամ փոքրիկ բիզնես ունի՝ «Alyona’s brush» անվանումով, նկարում է ամենատարբեր առարկաներ վրա։ Երեք երեխաների ու ամուսնու հետ Ալյոնան բնակվում է Երևանում, վարձով բնակարանում ու, ինչպես հազարավոր արցախցիներ, երազում է Արցախ վերադառնալու մասին։
«Արցախում մի ճագար էի պահում, նվիրել էին, շատ լավն էր։ Երբ արդեն պիտի դուրս գայինք, հետներս վերցնելու հնարավորություն չկար ու ազատություն տվեցի նրան։ Կուզեի ճագարիս նման մեզ էլ ազատություն տային, որ կարողանայինք գնալ Արցախ»,-ասում է Ալյոնան։




