
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի «Գլաձորի համալսարանի պատմությունից» աշխատությունը նվիրված է համալսարանի հիմնադրման 740-ամյակին։

Գիրքը, հեղինակի երկարամյա ուսումնասիրությունների արդյունքն է, որտեղ ներկայացված է Գլաձորի համալսարանի միջավայրն ու ժամանակաշրջանը։
Օրբելյան իշխանների ճկուն քաղաքականության արդյունքում՝ տարածաշրջանը չասպատակվեց մոնղոլ-թաթարների կողմից, ավելին՝ ինչպես ասում է Կարեն Մաթևոսյանը, զարգացավ տնտեսությունը, կառուցվեցին տասնյակ եկեղեցիներ։
Գլաձորի համալսարանը, հարյուրավոր շրջանավարտներ ունեցավ, որոնք հաջող պայքար մղեցին այդ ժամանակ ակտիվորեն գործող ունիթորական շարժման դեմ։ Գլաձորի գրչության կենտրոնում ստեղծված հիսունից ավելի ձեռագիր մատյաններ հասել են մինչև մեր օրերը։



Գլաձորի համալսարան սովորելու էին գալիս նույնիսկ հեռավոր Կիլիկիայից` իրենց հետ բերելով կիլիկյան մանրանկարչական դպրոցի ավանդույթները։ Այստեղ է սովորել նաև նշանավոր ճարտարապետ Մոմիկը։ Գրքում հետաքրքիր անդրադարձներ կան վարդապետների դժվարին կյանքի ու կենցաղի մասին։




