ԼուրերԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ռազմական նոր ներկայացվածություն ԵՄ-ում․ ինչի՞ մասին է կառավարության նոր որոշումը

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանն առաջին անգամ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Նախագիծը  ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը, հիմքում ԵՄ-ի հետ խորացող համագործակցությունն է պաշտպանական և անվտանգային ոլորտներում։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ ստեղծվել է բարենպաստ նոր միջավայր ԵՄ անդամ երկրների հետ ռազմական ուղղությամբ ավելի սերտ ու արդյունավետ աշխատելու համար։

Պաշտպանության նախարարության առաջարկի հիմքում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող համագործակցությունն է։ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդը համատեղության կարգով կնշանակվի նաև Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի պաշտպանության հարցերով կցորդ։ Գործադիրը հերթական նիստում  չզեկուցվող ընթացակարգով ընդունել է համապատասխան որոշումը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այն կնպաստի ինստիտուտցիոնալ կապերի հետագա զարգացմանը, հնարավորություն կստեղծի ԵՄ-ում պաշտպանական հարցերով արդյունավետ աշխատանքի համար։ Նախագծից պարզ է դառնում նաև, որ ռազմական կցորդը կիրականացնի դիտորդական գործառույթներ։

«ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդը համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ներկայացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական աշխատանք։ Հայաստանի պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ»:

Ըստ պաշտպանական գերաստեսչության՝ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում Հայաստանի մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Որոշմամբ շեշտվում է նաև, որ Բելգիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը ևս երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական դեր խաղալ ՀՀ պաշտպանունակության և դիմադրողականության զարգացման գործում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջին անգամ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ էր հանդիպել ԵՄ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։

Նախորդ տարվա հուլիսին  հայտնի դարձավ, որ Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։ Օրերս էլ տեղեկատվություն շրջանառվեց, որ  Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակություն տրամադրելու հարցը։  Ըստ կառույցի հիմնավորումների՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցությունը տրամադրվում է դաշնակիցների պաշտպանության համար։ Լրատվամիջոցները նշում են, որ  Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկն արդեն  ներկայացրել է ԵՄ խորհրդին ։ Այն նախ պետք է ստանա նախ խորհրդի, ապա Միության անդամ 27 երկրների հավանությունը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն աշխատում է վերացնել մեկ երկրից կախվածությունը՝ իբրև օրինակ ներկայացնելով ԵՄ երկրների հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում։

«Այս պահին Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնում, դիմել է EPF Եվրոպական խաղաղության գործիքակազմ, և այս առումով մենք շարունակում ենք առաջ շարժվել: Ես համոզված եմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ մեծ են, ու այդ հնարավորությունները կարող ենք օգտագործել»։

Ադրբեջանը քննադատել էր Հայաստանի այս քաղաքականությունը։ Այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել էր, որ «ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է նաև հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել  օտարերկրա դիտորդներին։ Այս հարցը մնում է Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերից մեկը։ Երևանն առաջարկում է դիտորդներից հրաժարվել միայն սահմանազատված հատվածներում։ Նախորդ շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․

«Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն»։

Հունվարի վերջին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաձգման մասին որոշմանը, եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Սա Հայաստանում Եվրամիության անվտանգային ամենակարևոր գործիքներից է՝ նախորդ շաբաթ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«ԵՄ-ն երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս երկու տարով, ինչը ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»։

Հայաստան-ԵՄ հարաբերություններում  հանգուցային կետեր են համարվում նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում ընդգրկվելը, նաև՝ «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի ՝ առաջին ընթերցմամբ ընդունումը։

Կարդացեք նաև

Back to top button