
Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիներին Բաքվից վերադարձնելու համար․ սա ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում հնչած հիմնական հարցերից էր, քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ՝ հանրությանն այս օրերին մեծապես մտահոգում են Բաքվում ընթացող դատավարությունից հրապարակված տեսանյութերը, նկարներն ու տեղեկությունները։
Հայաստանի կողմից գործադրվող դիվանագիտական ջանքերով հետաքրքրվեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը․
«Բաքվի այսպես կոչված «դատավարությունից» վերջին կադրերն ավելի մտահոգիչ էին։ Ակնհայտ, գոնե տեսողական մակարդակով բռնության հետքեր կային այն մարդկանց վրա, որոնք պայքարել են միջազգային հանրության կողմից արձանագրված մի սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար»։
Թեև պատգամավորի հարցն ուղղված էր արտգործնախարարին, բայց աղմկահարույց հարցին որոշեց անդրադառնալ վարչապետը․
«Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ կիրառվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ։ Հայաստանի կառավարությունն, ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»։
Վարչապետի խոսքով՝ դիվանագիտական աշխատանքում պետությունն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով։ Ինչ վերաբերում է պետության դիրքորոշմանը, ապա Բաքվում ընթացող դատավարություններին, ըստ Փաշինյանի, պետության արձագանքը եղել է արտգործնախարարության մակարդակով։
Բաքվում դատավարական գործերի և մարդու իրավունքների անտեսմամբ ընթացող դատավարությունները Հայաստանի արտգործնախարարությունն օրեր առաջ գնահատել էր շինծու։
Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վտանգավոր համարեց «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Ագնեսա Խամոյանը․
«Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, իսկ Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն է անցկացնում հացադուլի մեջ։ Մեր մյուս ռազմագերիների կյանքին ևս վտանգ է սպառնում։ Կարմիր Խաչի գրասենյակը շուտով փակվելու է Ադրբեջանում։ Այսինքն՝ այն միակ օղակը, որով մենք հնարավորություն էինք ունենալու ստուգել մեր հայրենակիցների վիճակը՝ առողջական և այլն, այդ դուռն էլ է փակվում»։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ու ընդդիմադիր գործիչները պնդում են, որ Հայաստանի կառավարությունը կարող է անել քայլեր, որոնք այս իրավիճակում կարող են արդյունք տալ։
Առաջարկները մեջբերում է ընդդիմադիր պատգամավորը։
«Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Ջարեդ Գենեսերը շատ հստակ գործողությունների ծրագիր է նկարագրել, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցել Ադրբեջանի հետ։ Դուք կարող եք Բաքու ուղարկել գաղտնի ներկայացուցիչ, օրինակ, մարդասիրական հաղորդակցության կապուղի բացելու և քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար։ Դուք կարող եք խնդրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությանը։ Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր այն դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, ուղարկել դատական դիտորդների»։
Այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը հստակեցնում է պետության մոտեցումը․
«ԱԳ նախարարը հիշեցրեց, որ մարդու իրավունքների միջազգային կոմիտեի նիստում այդ հարցը լայնորեն արծարծվել է։ Այո, դուք ճիշտ եք ասում, ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա։ Այո, համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում առանձին անձանց խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա, այս գլխից ասեմ, անիրագործելի նպատակ է»։




