Նարեկ Վարդանյանը ծնվել է 1991 թվականին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ 2014-ին ավարտել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ 2009-2011 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Արարատի մարզի Զոդի զորամասում։ Նարեկն աշխատել է տարբեր տեղերում, բայց միշտ սիրել է գյուղատնտեսությունը։ Ասում է՝ մինչև 44-օրյա պատերազմը կով էի պահում ու արքայանարնջի այգի ունեի։
Պատերազմ մեկնեց որպես կամավորական, դասակի հրամանատար էր։ Կռվում էր Որոտանի շրջանում, որտեղ էլ 2020-ի նոյեմբերի 6-ին ծանր վիրավորում ստացավ գլխի հատվածում։ Նարեկը քսան օր կոմայի մեջ է եղել, հետո՝ մի քանի վիրահատություն, պարալիզացված է մարմնի ձախ հատվածը։
Մինչ օրս վերականգնողական բուժում է անցնում Զինվորի տանը։ 2023-ի փետրվարին լույս տեսավ Նարեկ Վարդանյանի հեղինակած «Սովորական հայրենիք» գիրքը, որտեղ այն պատերազմն է, որի միջով անցավ ինքը։
«Հին ավանդույթ ունենք՝ եթե վատ բանը պատմում ես ջրին, անցնում է։ Գիրքը ինձ համար այդ նույն էֆեկտը ունեցավ։ Ես իմ ցավը կիսեցի երկու միլիոն մարդու հետ ու իմ մասը քչացավ»,-ասում է Նարեկը։ Գիրքը շարունակություն կունենա, որովհետև ցավը կիսելը դեռ անհրաժեշտություն է։




