ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

13 միավոր, բայց ավելի խիստ պատիժ․ վարորդների տուգանային միավորներն ավելացնելու նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից մեկուկես ժամ պահանջեց մեկ տարվա ընթացքում վարորդներին տրամադրվող տուգանային 9 բալը 13-ով փոխարինելու առաջարկի դրական ու բացասական հետևանքները քննարկելը։ Այս նախագիծը վարորդների սոցիալական բեռը թեթևացնելու և որոշ իրավախախումների դեպքում ավելի խիստ պատիժ սահմանելու համար է՝ ասում է նախագծի համահեղինակ ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

«9 տուգանային բալի փոխարեն նախատեսվելու է 13 միավոր։ Մի քանի իրավախախտումների մասով, որոնք ՃՏՊ պատահարների առաջացման պատճառ են, և դրանց վտանգավորության աստիճանը մեծ է, տուգանային միավորները կավելացվեն, որովհետև, եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա նվազում է նաև այս խախտումների համար նախատեսված պատժի չափը։ Հետևաբար՝ հավասարեցնելու համար, մենք որոշակի խախտումների համար, որոնք վթարածին են, բարձրացնում ենք տուգանային միավորները»։ 

Նախագծի հիմքում վիճակագրական տվյալներ են՝ ասում է պատգամավորը։ Անցյալ տարվա ընթացքում14 հազար 365 վարորդ է զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ տուգանային միավորները լրանալու հիմքով։ Բացի այդ, շատ խախտումներ անող վարորդները հաճախ նրանք են, որոնք գումար են վաստակում մեքենա վարելով ու տարվա ընթացքում մի քանի փոքր խախտումների պատճառով զրկվում են աշխատելու հնարավորությունից՝ մանրամասնում է Խաչատրյանը։

ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հակադարձում է՝ կարգապահ վարորդներին խրախուսելու փոխարեն այս որոշմամբ պետությունը նպաստում է, որ ճանապարհային երթևեկությունն ավելի անկանոն դառնա։

«Հիմա փա՞ստ է, որ, օրինակ, նույն այս 13-ը չեն հատի մեր քաղաքացիները, ու մենք նորից չենք գալու, ասենք՝ դե փաստորեն 13-ն էլ էր քիչ, որովհետև Երևանում մայթերը առգրավված են, կանգառներում մեքենաները կանգնած են, պարեկներն էլ չեն հանում էդ մեքենաներին։ Ուզում եմ ասել՝ մեր մոտեցումը ճի՞շտ է, իմ կարծիքով՝ ճիշտ չէ։ Եթե մենք խնդիրներ ունենք այլ բաներում, գնանք էդ մյուս հարցերը լուծենք, ոչ թե ասենք՝ հարգելի քաղաքացիներ, քանի որ ճանապարհային երթևեկությունն անկանոն է, թող լինի էլ ավելի անկանոն, բայց 14 հազար մարդ վարորդական վկայաանից չի զրկվի։ Ըստ էության՝ այդպես է ստացվում»։ 

Արմեն Խաչատրյանը համոզված է՝ այդպես չի ստացվելու։

«Ոչ, իհարկե այդպես չի ստացվում, խնդիրը հետևյալն է՝ եթե պետությունը կարողանում է խնդիրը լուծել, այսինքն, իրավախխատումները կանխարգելել, ՃՏՊ- ների վիճակագրությունը տանել դեպի նվազման, էս ոլորտում իր առջև դրված խնդիրը, եթե կարողանում է անել ավելի քիչ վարչական, ավելի փոքր վարչական ներգործության միջոցներ կիրառելով, ավելի քիչ խստությամբ, դա պետք է անպայման անի»։

Ըստ նախագծի՝ տուգանային միավորների առաջարկվող խստացումները վերաբերելու են այնպիսի վարչական իրավախախտումների, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապված վարելը և այլն։ Արմեն Խաչատրյանն ասում է՝ այս իրավախախտումները չունեն սոցիալական համատեքստ, ի տարբերություն ավելի թեթև, օրինակ, չնախատեսված վայրում մեքենան կայանելու հետևանքով առաջացած խախտումների․

«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում, մասնավորապես, Երևանում, մենք չունենք պատշաճ կազմակերպված ճանապարհային երթևեկություն, անհրաժեշտ ինժեներական կառույցներ, կանգառի կայանման համար սահմանված գոնե նվազագույն տեղեր։»։ 

Քաղաքի անհարմարությունը ստուգելու համար «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջրկում է ընդմիջել նիստը ու մեքենաներով շարժվել նախ՝ դեպի Խանջյան, ապա՝ Աբովյան փողոցներ․

«Հենց հիմա քշում ենք երկու փողոցԽանջյան՝ Քրեական ոստիկանության շենքի դիմաց, այնտեղ ոստիկանների մեքենաները մինչև երրորդ գիծ ամբողջ օրը կայանած են։ Հետո քշում ենք դեպի Գլխավոր դատախազություն, ավտոմեքենաները թեք են անցնում Աբովյան փողոցով, որովհետև դատախազության մեքնենաներն են կայանված»։ 

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ անցած տարի երթևեկության երկրորդ շարքում կայանելու համար 18 հազար վարչական իրավախախտում է արձանագրվել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ այդ հիմնավորումը համոզիչ չէ․

«Շատ հրաշալի տվյալ է, բայց հենց վարչական մարմինները իրենց ենթականերին չե՞ն ասում ՝ մեքենան չկանգնեցնես երկրորդ գիծ, տար ձեր տուն, Գլխավոր դատախազության մասին ենք խոսում, ոստիկանանկան մարմինների մասին ենք խոսում։ Ո՞նց, եթե իրենց կարելի է, տաքսու վարոդին էլ է կարելի»։

Փոխնախարարը արձագանքում է․

«Կարծում եմ՝ հարցի լուծումը տեսահսկման համակարգերով նման վարչական իրավախախտումներն արձանագրելն է, որովհետև ամեն խաչմերուկում կամ ամեն պետական կամ մասնավոր կազմակերպության առաջ պարեկային ծառայություն ունենալը շռայլություն կլինի»։ 

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ եթե այս փոփոխությունները չուղեկցվեն խիստ տուգանքներով, ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա։ Պատգամավորն առաջարկում է՝ խիստ պատիժ սահմանել վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար։ Իրարամերժ ու բուռն քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Առաջիկայում այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Կարդացեք նաև

Back to top button