
Նախօրեին Հայաստանի վարչապետը հանրությանն ուղղված ուղերձով ներկայացրեց իրական Հայաստանի գաղափարախոսության՝ 14 դրույթից բաղկացած նախագիծը: Դրանով Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է պետության համար կարևոր մի քանի թեմաների, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությանը։ Ըստ Փաշինյանի՝ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Մայր օրենքի ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ լեգիտիմության լրջագույն պակաս ունեն։
Կառավարության անդամները հաստատում են, որ ՀՀ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները, ընդդիմության մի հատվածն արդեն խոսում է «Ոչ»–ի շտաբ ձևավորելու մտադրության մասին, մյուս հատվածն էլ նշում սահմանադրական փոփոխությունների քողարկված նպատակները։ Ընդդիմադիրների մտավախությունների հիմքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն են՝ ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«2020 թվականի փետրվար-մարտին քարոզարշավ էր իրականացնում և բաժանում էր բուկլետներ, որոնց վրա գրված էր «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունները միասին։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, երբ Ադրբեջանը պահանջեց, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես հայ ազգի, հայ ժողովրդի շահերից բխող քայլ։ Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարի ամռանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է գնա և Սահմանադրությամբ այդ փոփոխությունը անի»։
Ընդդիմության անհամաձայնությունն առավելապես կապված է Սահմանադրության նախաբանում «Անկախության հռչակագրին» արվող հղմանը, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանն այդտեղ տարածքային նկրտումների վտանգ է տեսնում և պնդում Սահմանադրությունից այն հանելու անհրաժեշտությունը։ Խաղաղության օրակարգով առաջ շարժվող Հայաստանն, ի դեպ, նույն բանը չի պահանջում Ադրբեջանից, բանակցությունները չխաթարելու հիմնավորմամբ։ Հայաստանի վարչապետը մի քանի անգամ տարբեր ելույթներում հաստատել է, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունում կան հավակնություններ ՀՀ տարածքի նկատմամբ։
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հիշեցնում է, որ Հայաստանի օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցն առաջացել է հեղափոխությունից հետո, հայեցակարգի վրա աշխատել են արդարադատության նախկին նախարարներ Արտակ Զեյնալյանը և Ռուստամ Բադասյանը։ Ըստ նախարարի՝ քանի որ Հայեցակարգն արդեն պատրաստ է, հիմնական աշխատանքը առաջիկայում կենտրոնանալու է նոր Սահմանադրության տեքստի վրա։ Սրբուհի Գալյանը այս պահին բովանդակային բացահայտումներ չի անում, բայց , օրինակ, նշում է, որ գործող Սահմանադրության մեջ խնդրահարույց է պետական մարմինների տարանջատման սկզբունքը։
Ինչ վերաբերում է հիմնական մտահոգություններին, որոնք կապված են «Անկախության հռչակագրի» հետ, ապա նախարար Գալյանը այս պահին չի հստակեցնում՝ նախաբանում հղումը հռչակագրին կմնա՞, թե՞ ոչ։
«Ես ոչինչ չեմ բացառում, բայց այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք։ Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխելու։ Կա ՍԴ համապատասխան որոշում «Անկախության հռչակագրի» հետ կապված, որը պատասխանում է ձեր բոլոր հարցերին։ Խնդրում եմ ընթերցել ՍԴ որոշումը»։
Ընդդիմությունը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ Սահմանադրության փոփոխությունը ընդունելի կլինի միայն մի դեպքում։ Մանրամասնում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․
«Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն միայն կարող է լինել, եթե կառավարման համակարգում փոփոխություններ լինեն»։
Մինչդեռ արդարադատության նախարարն արդեն պարզաբանել է, որ նոր Սահմանադրությամբ կառավարման համակարգի փոփոխություն Հայաստանում կառավարությունը չի նախատեսում։ Սա արդեն հստակ է։
Ընդդիմադիրների մեկ այլ թև արդեն անցել է գործնական աշխատանքի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր կուսակից Դավիթ Խաժակյանի ու հրապարակախոս Կարպիս Փաշոյանի հետ նախաձեռնել են «Ոչ»–ի շտաբի ձևավորում։ Արդեն քննարկել են նախապատրաստվող արշավը և որոշել, որ շտաբը կհամակարգի Դավիթ Խաժակյանը։
Իրական Հայաստանի գաղափարախոսության 14 կետանոց նախագիծը ներկայացնելով՝ փետրվարի 19–ին Հայաստանի վարչապետը հիմնավորել էր, թե ինչու է անհրաժեշտ համարում Հայաստանի համար նոր Սահմանադրություն ունենալը։
«ՀՀ Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքացիների շրջանում չկա այն ընկալումը, որ սա իրենք են ընդունել, իրենք են քվեարկել ձեզ հայտնի քաղաքական պատճառով։ Եվ երկրորդը՝ մենք դարեր շարունակ ապրել ենք ուրիշների կողմից ստեղծված պետություններում և ուրիշների կողմից պարտադրված իրավակարգի մեջ, և շատ դեպքերում մենք մեր պետությունը, նրանում սահմանված իրավակարգը ընկալում ենք այնպես, ինչպես ընկալում էինք, ասենք՝ 150 տարի առաջ, 200 տարի առաջ այլ պետություններում մեզ պարտադրված իրավակարգ և իրավահարաբերություններ»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես հերքում է Սահմանադրությունը պարտադրաբար փոխելու կարծիքը ։
«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»։
Ի դեպ, վարչապետի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծով միայն Հայաստանի Սահմանադրությունը չէ, որ փոխվելու է։ Արդեն աշխատանքներ են սկսվել Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության ուղղությամբ, հաստատում է նորաստեղծ աշխատանքային հանձնաժողովի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ասում է, որ բովանդակային քննարկումների դեռ չեն անցել, մինչ այս պահը քննարկել են հանձնաժողովի աշխատակարգն ու կանոնակարգը։
«Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Դուք շատ լավ գիտեք, որ նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը երբ պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ է տեղի ունեցել Հայաստանի շուրջ և նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով, մենք որոշակի ժամանակ սպասել ենք և որոշակի հստակեցումներ ունենալով, մենք որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, որ ազգային անվտանգության ռազմավարությանն առնչվող քննարկումները կսկսեն առաջիկայում։ Այս հարցում խոստանում է հրապարակային գործընթաց։




