
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» բույսերի գենոմիկայի խումբը խաղողագործության և գինեգործության ոլորտի համար կարևոր ուսումնասիրություններ է իրականացնում։ Ընթացքի մեջ է հայկական խաղողի սորտերի անձնագրավորման գործը, նոր այգի հիմնողների համար էլ կատարվում է տնկանյութի որակի ստուգում։
Հայկական տեղածին խաղողի վազեր՝ թաքնված հին ու մոռացված այգիներում․ դրանք գտնելը 10 տարի ժամանակ և 5 խաղողագործական շրջան այցեր է պահանջել։
Խորհրդային աղբյուրների համաձայն՝ Հայաստանում աճել է խաղողի մինչև 500 տեղածին և նույնքան էլ սելեկցիոն սորտ։ Հետխորհրդային գույքագրման արդյունքում տեղածիններից նույնականացվել և միջազգային տվյալների բազա է մուտքագրվել 400-ը։
Խաղողի տեսակներին «ծննդյան վկայական» տալու գործի հեղինակը «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանն է։

«Ընթացիկ պրոցես է, ամեն տարի մենք այցելում ենք բոլոր այն գյուղերը, որտեղ չենք եղել, հավաքում ենք գենետիկական ռեսուրսներ։ Արդեն իսկ ունենք մեծ տվյալների բազա, որտեղ 3000-ից ավելի գենոտիպեր անձնագրավորված պահպանվում են։
Այս տարի մեր պլաններում Տավուշի մի քանի գյուղեր են, և հիմնականը լինելու է Սյունիքի մարզը, հատկապես Մեղրին։ Թեպետ հիմա Սյունիքը չի ընկալում որպես խաղողագործական շրջան, բայց վաղուց այն այդպիսին եղել է և այնտեղ շատ մեծ գենետիկական ռեսուրսներ ունենք պահպանված»։
Հատուկ տեղանքներից, որտեղ թաքնվել են բազմադարյա տեսակների վազերը, զրուցակիցս հատկապես Վայոց Ձորի հին մատուռներն ու եկեղեցիներն է առանձնացնում։
«Հնում մարդիկ այդ սորտերին ասել են նաև «վանքապատկան», քանի որ գինին նաև ծիսական նշանակություն է ունեցել, ամեն եկեղեցի իր բակում նաև խաղողի այգի է ունեցել և հատկապես Վայոց ձորից մենք հավաքել ենք շատ նմուշներ»։
Տեղածինների փնտրտուքում Քրիստինե Մարգարյանին զարմացրել է խորհրդային շրջանում նոր անվանում ստացած Հատիս սորտը։ Այն 1960-ականներին հայտնաբերվել է Հատիս լեռան շրջակայքում։ Սկզբում որթատունկը շփոթել են վայրի բույսի հետ, հետո պարզել՝ փաթաթվող բույսը խաղողազգի է։

2 տարի առաջ կատարված ուսումնասիրությամբ ապացուցվել է՝ տեսակը ծնունդով վայոցձորցի է, ավելին՝ թերևս հայկական սորտերի «նախատատ» կամ «նախապապ» է։
«Ավելի շատ գենետիկական փոխկապվածություն ունի հնագույն սորտերի հետ, քան բոլորիս հայտնի Արենին։ Հենց Արենիի հետ էլ ինքը ունի ծնող-երեխա փոխկապվածություն, դա ինձ համար ամենամեծ բացահայտումն էր ու շատ ուրախալի բացահայտում, որովհետև հասկացանք, որ գենետիկայի, գենոմիկայի զարգացումը մեզ թույլ է տալիս գնալ պատմության խորքեր ու հասկանալ, թե մեր սորտերը ինչպիսի ֆիլոգենետիկական փոխհարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ և վերականգնել այդ ծնողական ձևերի քարտեզը»։
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» բույսերի գենոմիկայի խումբը գիտական ուսումնասիրություններն իրականացնում է միջազգային կամ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի շրջանակում։
Լաբորատորիայում մեր զրույցի պահին խումբը զբաղված էր տնկարան կամ այգի հիմնողների համար խիստ կարևոր՝ խաղողի վազի մատերի միջոցով վիրուսի առկայությունը կամ բացակայությունը պարզելու գործով։ Դրա համար պահանջվում է ուսումնասիրել կեղևի տակ գտնվող կանաչ հյութալի հատվածը՝ ֆլոյեմը։
«Ֆլոյեմը անջատում ենք, հետո անալիզի ենք ենթարկում, առանձին պլանշետում «նստեցնում ենք» հակամարմինները, հետո ֆլոյեմից անջատված լուծույթը, որտեղ հակածիններն են գտնվում, ավելացնում ենք հակամարմինների վրա։ Մի շերտով էլ ենք փակում հակամարմիններով, ավելացնում ենք ներկը, մի շատ խելացի, գերթանկարժեք սարք ունենք, մենք 3 օր տանջվում ենք, իսկ ինքը 3 վայրկյանում մեզ ասում է` ձեր նմուշը վարակված է վիրուսով, թե չէ»։

Հայաստանում դեռևս չկա համանման փորձաքննություն իրականացնող և պատվիրատուին լիցենզավորված փաստաթուղթ տրամադրող կազմակերպություն։ Բույսերի գենոմիկայի խումբը վիրուսների առկայության փորձաքննությունն իրականացնում է՝ զուտ գիտական նկատառումներից ելնելով։
«Երբ դու պիտի հիմնադրես խաղողի այգի, առաջինն ինչ պետք է՝ ոչ թե որ մեկը քեզ տա տնկի ու հավաստիացնի, որ դա Ոսկեհատ է կամ Արենի, այլ, որ քեզ տա սերտիֆիկացված նյութ։ Ցավոք սրտի, Հայաստանում դեռևս չկա պետության կողմից լիցենզավորված լաբորատորիա, ով կկարողանա բիզնես սեկտորին վաճառք իրականացնել։ Այդ բացը հաճախ բերում է նրան, որ մարդիկ լուրջ ներդրում են անում՝ տնկում են այգի և 4-րդ, 5-րդ տարում պարզում, օրինակ, որ իրենք ունեն ոչ թե Թոզոտ, այլ ուրիշ սորտ, կամ տնկել են ոչ թե Արենի, այլ սելեկցիոն ինչ-որ սորտ»։
Ֆիտոսանիտարական իմաստով մաքուր տնկանյութ գտելու ուսումնասիրությունը կօգնի այգեգործին։ Արտադրական ծավալներով հիմնվող այգում շարքեր կկազմեն առողջ տունկերը։
«Գնալու է այգի ու ինքը գիտի, որ համար 25-րդ վազը հիվանդ էր, իսկ համար 27-րդը առողջ էր, կսկսի մատեր հավաքել, համար 27-րդից։ Կտանի, կսկսի բազմացնել, որ նոր խաղողի այգի տնկի»։




