
Մյունխենյան համաժողովն ավարտվել է, բայց դրա ընթացքում հնչած հայտարարությունները շարունակում են քննարկվել ու վերլուծվել։ Համաժողովը բացահայտեց Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հարաբերությունների լուրջ ճեղքերը՝ գրում են միջազգային լրատվամիջոցները։ Համաժողովին հնչած ամերիկյան հայտարարությունները համաժողովի ղեկավարը «մղձավանջ» է որակել։ Մյունխենից հետո ԵՄ երկրների առաջնորդները հավաքվել են Փարիզում։
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը համաժողովի քննարկումները մեկ բառով է որակել՝ «մղձավանջ» եվրոպացիների համար: Նրա մեկնաբանությունը թեման խորագրելու լավ գաղափարներ է տվել միջազգային լրատվամիջոցներին, իսկ տեսանյութը, որտեղ նա արտասվում է դարձել է ամենաշատ դիտվածներից մեկը՝ «Թույլ տվեք եզրափակել, բայց․․․ դժվար է»։
«Շրջադարձային կետ», «Խաղի նոր կանոններ Եվրոպայի համար», «ԵՄ-ն հեղինակազրկելու փորձ»․ սրանք մյունխենյան համաժողովին լրատվամիջոցներից մի քանիսի անդրադարձների խորագրեր են։
2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովն, ըստ ղեկավարի, բացահայտեց ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների խորը ճեղքերը։
Միջազգային փորձագետներն էլ կարծում են, որ եթե գերտերության հետ այլևս չկա արժեքային կոնսենսուս, ապա Եվրոպան պետք է աշխարհաքաղաքական վերաձևումների գնա։ Այս իրավիճակում տրամաբանական է թվում համագործակցության ընդլայնումը Հնդկաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ՝ գրում է գերմանական Tageszeitung (taz) թերթը։ «Մյունխենում մի բան պարզ դարձավ՝ Եվրոպայում անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է, քանի որ կասկածի տակ են դրվում անվտանգության ամերիկյան խոստումները, ինչը կարող է դրդել Ռուսաստանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը Ուկրաինայի սահմաններից դուրս»,- կարդում ենք Die Welt –ի խմբագրականում։
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը 80 տարի փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև մայրցամաքի միակ հեգեմոնը դառնալու համար։ Մյունխենյան համաժողովը ցույց տվեց, որ Մոսկվայի այդ ցանկությունը կարող է իրականանալ:
Նշվում է նաև, որ համաժողովի մասնակիցներից շատերը տպավորություն ունեն, որ Եվրոպայի ճակատագիրը քննարկվում է բացառապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
«Մի բան պարզ է՝ Եվրոպայում և աշխարհում հին կարգերը փլուզվում են: Բազմաբևեռ աշխարհում, որտեղ մեծ տերությունները որոշում են ուժերի հավասարակշռությունը, Եվրոպան այլ ելք չունի, քան ԱՄՆ-ից անկախ ուժի բևեռ դառնալը, ինչը նշանակում է, որ եվրոպական մայրցամաքը պետք է, այսպես ասենք, ռազմական և տնտեսական մկանները լարի», — գրում է Die Welt-ը:
Frankfurter Allgemeine Zeitung-ն էլ ուշադրություն է հրավիրում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բացակայության փաստին, հատկապես ԱՄՆ փոխնախագահի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Գերմանիան «խորհրդային կիսաժողովրդավարության» երկիր է։
Միայն հաջորդ առավոտյան եվրոպական ամենաուժեղ տերության կառավարության ղեկավարը արձագանքելու մի քանի բառ գտավ՝ նշում է պարբերականը։ Շոլցը խոստացավ շարունակել զենք գնել ԱՄՆ-ից և խոսեց պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտության մասին։
Մյունխենյան համաժողովից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ «իրական խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ են ԵՄ–ի և Ուկրաինայի համատեղ գործողություններ։ Նա կարծում է, որ «եվրոպական զինված ուժեր» ստեղծելու կարիք կա։ Առանց Եվրոպայի օգնության Ուկրաինան կարող է դառնալ սակարկության առարկա Պուտինի և Թրամփի միջև՝ եզրակացնում են միջազգային փորձագետները։
Մյունխենից անմիջապես հետո Փարիզում արտակարգ գագաթնաժողով հրավիրվեց։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները Փարիզում հաստատել են, որ պատրաստ են ապագայում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից՝ գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները։
«Մենք պատրաստ ենք տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնց պայմանները կքննարկվեն կողմերից յուրաքանչյուրի հետ՝ կախված ամերիկյան աջակցության մակարդակից»,- ասել է դիվանագետը, որի անունը չի հրապարակվում։ Ըստ նրա Փարիզի գագաթնաժողովի գլխավոր հարցն այն էր, թե ինչպես պետք է Եվրոպան արձագանքի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությանը։
Փարիզյան գագաթնաժողովից հետո պաշտոնական հայտարարություններ չեն հնչել, սակայն մասնակիցները որոշ մեկնաբանություններ են արել։
Մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել ԵՄ երկրներին՝ դադարել անհույս կերպով կառչել անցյալի հարմարավետությունից և ընդունել, որ փոփոխությունների դարաշրջան է սկսվել։
«Ժամանակն է, որ մենք պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության, մեր մայրցամաքի համար»,- ասել է բրիտանացի պաշտոնյան։ Նա նաև հստակեցրել է, որ ամեն դեպքում Կիևը Վաշինգտոնի աջակցության կարիքը կզգա, քանի որ միայն ամերիկյան երաշխիքները կարող են հետ պահել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ նոր ագրեսիայից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ Փարիզում կայացած հանդիպումից հետո X-ում գրել է, որ Եվրոպան պատրաստ է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման գործում ավելի մեծ ներդրում ունենալ։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ԵՄ երկրների առաջնորդների հանդիպումից հետո զանգահարել է ԱՄՆ–ի և Ուկրաինայի նախագահներին ու իր հերթին վստահեցրել՝ Եվրոպայի առաջնորդները կողմ են կայուն ու երկարատև խաղաղությանը, բայց կարծում են, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքների կարիք ունի։




