
Մշակվել է Երևանի օդի որակի բարելավման քառամյա ծրագիր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
«Այն իրենից ներկայացնում է հիմնական աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործունեությունների նկարագրություն։ Ներառված են նաև մի շարք մեղմացնող գործընթացներ։ Ծրագիրը ենթածրագրերի է բաժանվելու, աղտոտվածության աղբյուրների յուրաքանչյուրի մասով ֆինանսական և ժամանակացուցային աղյուսակներով ներկայացվելու են գործողությունները», — ասաց Սիրարփի Հայկազյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Օդի աղտոտվածության մի ստվար հատված մարդածին չէ, մեր տարածաշրջանով և բնակլիմայական պայմաններով պայմանավորված իրավիճակ է։ Բայց կան մարդկային գործոններ, որոնք վերաբերում են շինարարությանը, տրանսպորտին, հանքերին, ջեռուցմանը, աղբավայրին։ Մեր հիմնական խնդիրն է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ մենք պետք է լինենք պրոակտիվ։ Սա մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»։




