«90-ականներին մենք մշակույթի դեմ էինք», – ասում է արվեստագետ Հարութ Սիմոնյանը։ Մշակույթն իր մեջ մի այնպիսի վտանգ է պարունակում, որ փորձում է երիտասարդներին ադապտացնել և պահել որոշակի կարծրատիպերի մեջ։ Պատմում է, որ 90-ականներին դեմ էին ավանդական արվեստին, մերժում էին կտավ, յուղաներկ, քանդակ և այլն։
«Մենք կարծում էինք, այն, ինչ մենք անում ենք, դա քաղաքական է։ Այն հարցերը, որի մասին մենք խոսում էինք, դրանք քաղաքական հարցեր էին։ 90-ականների ու 2000-ականների սկզբում մարմնի քաղաքականությունը շատ կարևոր էր և հստակ էր, որ դա քաղաքական հարց է։ Մարմինը որպես սոցիալական երևույթ և մարմինը անձնական իմաստով, իհարկե քաղաքական է», – ասում է արվեստագետը։
Հարութ Սիմոնյանը երկար տարիներ ապրել է Նյու Յորքում, հեղափոխությունից հետո ավելի հազվադեպ է Նյու Յորք վերադառնում։ Վերջին տարիներին արվեստագետ ընկերների հետ տպագրում են «Հեղափոխական առողջություն և առողջություն՝ հեղափոխության համար» պարբերականը։ «Թերթը տպագրվեց կոլեկտիվ ընթերցանության և ոչ պրոֆեսիոնալ թարգմանությունների միջոցով։ Թերթը միջավայր ու կոնտեքստ ստեղծելու փորձ է, դա նույն է, որ ցուցահանդես անես կամ ռադիոյում կարևոր բաներից խոսես», – ասում է արվեստագետը։
Արվեստագետը կարևորում է «ուրախ միլիտանտության» սկզբունքը․ առօրյա կյանքն ու արվեստը՝ համարում անհրաժեշտություն։
«Արվեստագետի ու տնային տնտեսուհու աշխատանքը նույնն է, քանի որ երկուսն էլ առօրյա են ստեղծում։ Մենք միշտ պատկերացնում եք , որ արվեստը մետաֆիզիկական մի բան է, ինչ որ մի տեղ։ Արվեստ ասելով ես հասկանում եմ արվեստագետ, որը կապված է սոցիալական, քաղաքական, առօրյա, տնտեսություն ձևավորելով», – ասում է նա։
Հարություն Սիմոնյանը գտնում է, որ արվեստը քաղաքական է և յուրաքանչյուր ստեղծագործող՝ արվեստագետ։ Նա ասում է, մենք բոլորս կարող ենք արվեստագետ դառնալ և արվեստը մեզ կարող է տալ մի բան, որը կարող է օգնել մեզ դիմակայելու։ Հիմա պայքարը «հաղթելու» համար չէ, այլ՝ աշխարհը փոխելու, ահա, ինչու է արվեստը կարևոր։




