ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներմուծվոէ պողպատի և ալյումինի Ահամար սահմանել է 25 տոկոս մաքսատուրք։ Նոր մաքսատուրքերը կվերաբերեն բոլոր երկրներին և պաշտոնապես ուժի մեջ կմտնեն այս շաբաթ։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանող երկրների համար «փոխադարձ մաքսատուրքեր» մտցնելու մտադրության մասին։
«Եվ շատ պարզ է, եթե նրանք մեզնից գանձում են, մենք էլ նրանցից ենք գանձում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ն պողպատ է ներմուծում Կանադայից, Բրազիլիայից և Մեքսիկայից։ Կառավարության և Ամերիկյան երկաթի և պողպատի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ներմուծող երկրների թվում են նաև Հարավային Կորեան և Վիետնամը:
ԱՄՆ ալյումինի ամենամեծ մատակարարը Կանադան է։ 2024 թվականի առաջին 11 ամիսներին ընդհանուր ներմուծման 79%-ը բաժին է ընկնում այդ երկրին:
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը մաքսատուրքերի հարցում սկսել է կոշտ քաղաքականություն իրականացնել։ Նա մաքսատուրքեր է սահմանել 10 տոկոս Չինաստանից և 25 տոկոս հարևան Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների վրա՝ «անօրինական միգրանտների և թմրանյութերի սպառնալիքի պատճառով»: Դրանք 30 օրով սառեցվել են այն բանից հետո, երբ Օտտավան և Մեխիկոն խոստացել են Միացյալ Նահանգների հետ իրենց սահմաններին ուժեղացնել անվտանգությունը ։
Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովում Եվրամիությունը հայտնել է Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը դիմակայելու իր վճռականության մասին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ ԵՄ-ն հակադարձելու է, եթե ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների վրա:




