ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Կառուցողական, բայց դեռ անարդյունք․ ՓՄՁ ներկայացուցիչները 3.5 ժամ ԱԺ-ում քննարկել են հարկային փոփոխությունները   

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներից՝ խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։  Հարկային օրենսգրքի փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 3.5 ժամ քննարկել են օրենսդրական նոր կարգավորումները։ Նրանք շարունակում են կարծել, որ փոփոխություններն ի վնաս փոքր բիզնեսի են աշխատելու։

Շրջանառության հարկի համակարգից քայլ առ քայլ հրաժարվելու քաղաքականությունն հարվածում է փոքր բիզնեսին։ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կարծում է,  որ ծավալուն փոփոխություններն ու դրանց հնարավոր հետևանքները մանրամասն չեն քննարկվել։   

«1.5 ժամում հնարավոր չէ ՓՄՁ բոլոր խնդիրները քննարկել։ Պահանջը հստակ է՝ եկեք արձանագրենք, որ կա խնդիր, իրազեկվածության մեծ խնդիր կա։ Հունիսին ընդունվել է, բայց լայնամասշտաբ իրազեկման գործողություն չի արվել։ Եկեք վեց մասով հետաձգենք ոլորտ առ ոլորտ ըստ տարբեր խնդիրների՝ մենք էլ խումբ առ խումբ վարժություններ անենք, գնանք տեսնենք, թե որ մոդելն է, որ ձեր մոտ ստացված է»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում էր կազմակերպել ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ:  Տնտեսվարողների գործունեության ոլորտները տարբեր են, խնդիրները՝ նույնպես։ Ոսկու առևտրով զբաղվողներն իրենց մտահոգող հարցերն են բարձրացնում։

«Մեր ապրանքի գինը չթանկացնենք, մենք հարկերից չենք հրաժարվում։ Հարկերն առանց այն էլ բարձր են։ Ապրանքի ինքնարժեքը թանկ է, հումքը թանկ է։ Հումքը պետք է առանձնացնեք»։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասում է՝ հակված են լսել ու քննարկել առաջարկները։

«Միկրոձեռնարկատիրության ռեժիմում առևտուրը թույլատրված չէ։ Կառավարությունում հետաքրքրիր լուծում է քննարկվում այն տրամաբանությամբ, որ ԱԱՀ գրավիչ դարձնել ոսկերչության ու ադամանդագործության համար»։

Քննարկվող առաջարկի փակագծերը փոխնախարարն առայժմ չի բացում։ Հագուստի առևտրով զբաղվող Կարինե Գևորգյանին հետաքրքրում է հարցը, թե  ինչու ՊԵԿ-ը չի հավատում իրենց ներկայացրած փաստաթղթերին։ Ասում է՝ փոքր բիզնեսի միջոցով պետությունը ցանկանում է գտնել խոշոր բիզնեսի թերացումները։

«Մենք պարզեցված հարկով ենք աշխատում, քանի որ մեր 99 տոկոսի գիտելիքները չի հերիքում։ Բիզնես ենք ստեղծել, կարողանում ենք ապրանքը ինչքան է նստել, ինչքանով վերավաճառել, որ եկամուտ բերի։ Եթե մեր գիտելիքները այդքան հերիքեր, մենք կաշխատեինք ԱԱՀ դաշտում»։

Փոփոխություններից մեկը փաստաթղթավորման խստացված պահանջներն են։ Տնտեսվարողները տարակուսում են՝ տասը տարվա վաղեմության ապրանք ունեն, չեն պատկերացնում, թե ինչպես են ամբողջը փաստաթղթավորելու։ Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ սա այն հարցերից է, որը կարող են քննարկել։ Միաժամանակ նշում է, որ այս պահանջը կատարելը շրջանառության հարկը մինչև 1 տոկոս նվազեցնելու հնարավորություն է տալիս։

«Բոլոր նրանք, ովքեր փաստաթղթավորմանը չեն մասնակցում, նպաստում են, որ իրեն ապրանք վաճառողի եկամուտները չհայտարարագրվեն։ Մեկը օգտագործած զարդ վաճառողներն են, մյուսը զարդ արտադրող խոշոր բիզնեսը, նրանց դեպքում կարևոր է, որ նրանց շրջանառությունը երևա, քանի որ հիմնական շահույթը նրանց մոտ է։ Բնական է, որ ֆիսկալ ակնկալիքը նրանցից է»։

Խնդրահարույց փաթեթը 2024-ին է ընդունվել։ Դրանով փոքր ու միջին բիզնեսի համար խստացվել են փաստաթղթավորման պահանջները, փոխվել են շրջանառության հարկի դրույքաչափերը, գործունեության մի շարք ոլորտներ փոխել են հարկային ռեժիմները։ Հունվարից փաստաբաններն ու նոտարներն աշխատում են ԱԱՀ աշխատում, հուլիսից նրանց կմիանան իրավաբանական, հաշվապահական ու ֆինանսական գործունեությամբ զբաղվողները։ Փոփոխությունները նախաձեռնելով՝ կառավարությունը նշում էր, որ գործունեության մի շարք ուղղություններ հարկման հատուկ համակարգերից ընդհանուր համակարգ տեղափոխելով՝  փորձում է հրաժարվել հարկային արտոնյալ ռեժիմներից ու ստեղծել հավասար պայմաններ։

Back to top button