
Միհրան Թումաճյան և Բարսեղ Կանաչյան՝ երկու հրաշալի ընկերներ, երաժիշտներ, որոնց միմյանց կապում էր Կոմիտաս վարդապետի աշակերտները լինելու մեծ պատիվը և 1910-1915 թվականներին վարդապետի հիմնած «Գուսան» երգչախմբում երգելու բերկրանքը:
Ցեղասպանության տարիներին, կորցնելով Կոմիտասին տեսնելու հնարավորությունը, նրա 5 սաները, որոնց մեջ էին Միհրանն ու Բարսեղը, միմյանց վերստին գտան 1918 թվականին՝ հստակ որոշումով, շարունակել իրենց մեծ ուսուցչի գործը, տարածել նրա ստեղծագործությունները: Եվ Կոմիտասի պես հիմնել երգչախմբեր: Ինչն էլ արեցին՝ Պոլսում, Ադանայում, Զմյուռնիայում և այլուր:


1923թ.-ին Կոմիտասի հինգ աշակերտներին կյանքը նետեց այսուայն կողմ: Միհրան Թումաճյանը մեկնեց Ամերիկա, որտեղ հիմնեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը՝ կատարելով Կոմիտասի և իր դասընկեր ԲարսեղԿանաչյանի խմբերգերը։
Իսկ Բարսեղ Կանաչյանը 1932-ին, ի վերջո, հաստատվեց Լիբանանում, հիմնեց «Գուսան» երգչախումբը և դասավանդեց «Նշան Փալանճեան» Ճեմարանում:
1967թ. Միհրան Թումաճյանը արդեն 1 տարի է հայրենադարձվել էր և ապրում էր Երևանում, երբ Բեյրութում մահացավ Բարսեղ Կանաչյանը:
Հանրային ռադիոյի գանձարանում մի հրաշալի ձայնագրություն կա՝ արված 1967թ.-ի հունիսին. Միհրան Թումաճյանի չափազանց հուզիչ խոսքը՝ հեռվում մահացած իր սիրելի ընկերոջ հիշատակին, որն արդեն տարիներ ի վեր կորցրել էր տեսողությունը:




