ԿարևորՄիջազգային

Թրամփն առաջարկում է ԱՄՆ-ին «վերցնել» Գազայի հատվածը և վերաբնակեցնել պաղեստինցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերցնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։

«Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և այնտեղ կիրականացվեն աշխատանքներ,- ասել է նա։ — Մենք պատասխանատու կլինենք չպայթած ռումբերն ու այլ զինատեսակները տարածքից հեռացնելու, տարածքը հարթեցնելու և ավերված շենքերը հեռացնելու համար։ Տարածաշրջանի մարդկանց համար կապահովենք տնտեսական զարգացում և անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ»:

Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։

Թրամփն առաջարկել է Գազայի բնակիչներին տեղափոխել նոր վայր, որը կտրամադրվի Մերձավոր Արևելքի մեկ կամ մի քանի պետությունների կողմից:

Պաղեստինցիներին վերաբնակեցնող երկրների շարքում նա նշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել «մեկ տարածք կամ մի քանի»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով այս հայտարարությունները, ասել է, որ Դոնալդ Թրամփի գաղափարը «արժանի է ուշադրության»։

«Կարծում եմ՝ սա մի բան է, որը կարող է փոխել պատմությունը»,- հավելել է Նեթանյահուն։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար եւ Թրամփին անվանել «Իսրայելի լավագույն բարակամը Սպիտակ տանը»։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները երեքշաբթի երեկոյան հայտարարել են, որ Թրամփի մեկնաբանությունները տարածաշրջանում քաոս և լարվածության ստեղծելու միջոց են։

«Գազայի հատվածի մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականացվեն։ Պետք է վերջ տալ մեր ժողովրդի դեմ ագրեսիային , այլ ոչ թե վտարել նրան իր հողից»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին։

Կարդացեք նաև

Back to top button