ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

300-ի փոխարեն 150 դրամ․ նոր քաղաքապետը նոր առաջարկ է ներկայացրել, հին քաղաքապետը՝ հին բոյկոտ

«Մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ, որ ասեինք՝ ժողովուրդ ջան, եկեք 150 դրամ սարքենք մի տոմսի գինը, բայց դա ճիշտ չի»։

«Քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս հայտարարություններից առաջինն արվել է հունվարի 27-ին, երկրորդը՝ 28-ին։

Քաղաքապետը տեսաուղերձով հիշեցրեց՝ ում կարծիքն է կարևոր․․․ «Ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք ձեզ, ես լսում եմ ձեզ։ Կարդացել եմ բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ։»

Ինչ է արվել մինչ այս․․․ «Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, բոգդանները, պազիկները, ծխացող հունդայները, նոյեմբերի 1-ից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ հունվարի 1-ից առհասարակ վերացրել ենք որևէ տեսակի կանխիկ գործարք տրասպորտի ներսում»։

Եվ հայտնեց՝ ինչ որոշում է կայացվել․․․ «Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025-ի ընթացքում»։

***

Այս հայտարարությունից մեկ օր առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացատրում էր՝ ինչու է այս ճանապարհով գնալը հեշտ և ինչու իրենք չեն ընտրելու այս ճանապարհը․

«Եթե մենք էլ մեր ընդդիմախոսների մեթոդներով առաջնորդվեինք, կանեինք էն, ինչ որ ականջահաճո է։ Հիմնավորել հնարավոր էր, չէ՞։ 90-ականներից 100 դրամ է, էն ժամանակ ջարդած ռաֆեր էին, գազելներ էին, կռացած էին գնում, հիմա այնուամենայնիվ, ավտոբուսներ են, այո, պիկ ժամերին խնդիրներ ունենում էինք, բայց, այնուամենայնիվ, ավտոբուսներ են օդափոխության համակարգով, ձմեռը՝ տաքացման, ամառը՝ հովացման համակարգով։ Մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ, որ ասեինք՝ ժողովուրդ ջան, եկեք 150 դրամ սարքենք մի տոմսի գինը: Միասնական տոմսային համակարգը միջինացված 145-150 դրամն է գալիս, 150 դրամ ենք սարքում, ոչ մի արտոնություն, ոչ մի միասնական տոմսային համակարգ, ընդամենը առնում եք 150 դրամով ու երթևեկում։ Բայց դա ճիշտ չի, դա միասնական տոմսային համակարգ չի, դա էն չի, որ մենք վաղը դրանով պետք է նաև 250 էլեկտրաավտոբուսներ գնենք, որովհետև մենք հասկանում ենք, որ վաղը տեղփոխերի քանակը ավելանալու է, մենք գնում ենք էս ամբողջ շարժակազմի օպտիմալացմանը, այ էստեղ կստացվեր, որ մենք սուտ ենք ասում մարդկանց․ քանի որ տեղփոխերն ավելանում են, մարդիկ էապես ավել պիտի վճարեն»։

Այդ դեպքում ինչու կայացվեց վերջին որոշումը։ Ավինյանը ասում է՝ հաշվի են առել քաղաքացիների բողոքները ու փորձել առաջարկել այնպիսի գին, որը քաղաքացիներին՝ մատչելի երթևեկելու, քաղաքապետարանին՝ կանգառներում երկար սպասելու, ավտոբուսների գերբեռնվածության, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման, նոր կանգառասրահների տեղադրման խնդիրները լուծելու հնարավորություն կտա։

Փաթեթային համակարգը դուրս չի գալիս։ Մեկ ուղևորության համար 150 դրամ կվճարեն այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ձեռք բերել առաջարկվող փաթեթներից որևէ մեկը։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը իր ֆեյսբուքյան էջում գործողությունների ուղեցույց է հրապարակել․

«Եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է 300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներին հիշեցրեք հետևյալը. Նախ՝ եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն, միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը»։

Գալջյանը շարունակում է պնդել, որ փաթեթային տարբերակն ընտրողները կերթևեկեն շատ ավելի մատչելի պայմաններով։ Օրինակ՝ հունվար կամ փետրվար ամիսներին 30-օրյա՝ 1500 դրամանոց փաթեթը ձեռք բերելու դեպքում, հնարավոր կլինի ստանալ լրացուցիչ 30 օր անվճար։ Այս պարագայում ամեն աշխատանքային օր 2 անգամ երթևեկող մարդը 2 ամսում կանի 44 ուղևորություն, յուրաքանչյուրը՝ 102 դրամով։ Գալջյանը, հղում անելով վիճակագրությանը, պնդում է՝ մարդիկ 2 ամսում միջինը ոչ թե 44, այլ 52 ուղևորություն են անում, այդ դեպքում ուղևորության արժեքը կկազմի 86 դրամ։

Սա կարճաժամկետ հնարավորություն է տոմսային համակարգի փաթեթներին ծանոթանալու ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։ Ցանկության դեպքում հետագայում քաղաքացիները կկարողանան կամ շարունակել գնել 150 դրամանոց ուղետոմս, կամ ձեռք բերել 8800, 23 600 կամ 88 000 դրամանոց փաթեթներ։

Ընդդիմախոսները, ամեն դեպքում, շարունակում են պնդել՝ սա, միևնույն է, թանկացում է, ինչի հնարավորությունը քաղաքացիները չունեն։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության․

«Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման արդյունքում իշխանությունները հետքայլ են անում, բայց եկեք չմոռնանաք՝ ինչից էր ամեն ինչ սկսվել, իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին՝ մեկ ուղևորության համար 300 դրամ։ Ժողովրդի պահանջը 1 ուղևորությունը 150 դրամը չէր, ժողովրդի պահանջն էր 1 ուղևորության համար՝ 100 դրամ, ու էս պահանջը մնում է ուժի մեջ»։

Նոր սակագինը հաստատելու համար հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա։ Հասարակական տրանսպորտը կսկսի գործել առաջարկվող արժեքով փետրվարի 1-ից։

Կարդացեք նաև

Back to top button