ԿարևորՄիջազգային

ՌԴ փոխարտգործնախարարն ու Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը քննարկել են «հարաբերությունների վերականգնման» հարցը

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարան քննարկել են Դամասկոսի և Մոսկվայի միջև «հարաբերությունների վերականգնման» հարցերը, ասվում է Սիրիայի նոր իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դամասկոսում կայացած բանակցություններից հետո։

«Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Սիրիայում տեղի ունեցող դրական փոփոխություններին։ Բանակցություններում քննարկվել է Ռուսաստանի դերը սիրիացի ժողովրդի հետ հարաբերությունների վերականգնման գործում այնպիսի քայլերով, ինչպիսիք են փոխհատուցումը և վերականգնման համար օգնությունը»,- ասվում է փաստաթղթում։

Սիրիական իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր վարչակազմի ղեկավարը «վերահաստատել է իր հանձնառությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ սկզբունքային փոխգործակցությանը՝ արդարության, արժանապատվության և ինքնիշխանության վրա հիմնված Սիրիայի ապագան կառուցելու համար»: «Նոր վարչակազմը նաև ընդգծել է, որ հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և ծառայի նրա շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 28-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարի հետ։ Բանակցություններից հետո Բոգդանովը հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ և կառուցողական է եղել։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Ինչպես նշել է Բոգդանովը, կողմերը քննարկել են նաև Սիրիայում ռուսական ռազմակայանների պահպանմանն առնչվող հարցեր։ Նրա խոսքով, բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։

Նշվում է, որ այս պահին Սիրիայի տարածքում ռուսական ներկայության հարցում փոփոխություններ չկան։

Ռուսաստանը Սիրիայում երկու ռազմակայան ունի՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը Տարտուս նավահանգստային քաղաքում և Խմեյմիմ ավիաբազան, որը գտնվում է Լաթաքիա նահանգի Ջեբլա քաղաքի մոտ։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցում է սիրիական նոր վարչակազմի հետ իր ռազմակայանները պահպանելու շուրջ։ Գործակալության տեղեկություններով՝ սիրիական նոր իշխանությունները չեն նախատեսում մոտ ապագայում խզել պայմանավորվածությունները, որոնց համաձայն Ռուսաստանն օգտագործում է Լաթաքիայի եւ Տարտուսի ռազմական բազաները։

Կարդացեք նաև

Back to top button