ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխարհազորայիննե՞ր, թե՞ տեղական պաշտպանության ուժեր․ ինչո՞ւ մի համակարգը մյուսով փոխարինելու անհրաժեշտություն առաջացավ

Կառավարությունն առաջարկում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Գործադիրը խորհրդարան է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքը փոփոխելու առաջարկ։ Օրենքում աշխարհազորի մասին կետն ընդունվել էր 44–օրյա պատերազմի օրերին։ Այս դրույթով քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվեր կամավորության սկզբունքով մասնակցելու Հայաստանի զինված պաշտպանությանը։ Համաձայն 2020 թվականին կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց հրամանատար էին հանդիսանալու փոխմարզպետները, փոխքաղաքապետները և վարչական շրջանների ղեկավարները: Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիներով համալրելու գործընթացը:

Աշխարհազորայիններին գալիս են փոխարինելու տեղական պաշտպանության ուժերը։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկը խորհրդարանին ներկայացնելով, ասել էր, որ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, և այդ ուժերը ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:

«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»։

Կառավարությունն օրինագծի հիմնավորման մեջ նշում է, որ աշխարհազորի համակարգը գրեթե չի գործել։ 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ պետք է ստեղծվեին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց հրամանատար էին հանդիսանալու փոխմարզպետները, փոխքաղաքապետները և վարչական շրջանների ղեկավարները:

Այդ նպատակով նաև ստեղծվել են մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ։ Սակայն աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվել են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին հետաքրքրում է, թե ինչպես է նախկին համակարգից հետո գործելու նորը։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ այն ավելի արդյունավետ կգործի։

«Արձանագրում եք մի բան, որ 2020 թվին ընդունված օրենքը, 21 թվին կառավարության հաստատված ուղղություն, որպես այդպիսին, աշխարհազորի համակարգը կառավարությունը 2024 թվին արձանագրում է, որ չի ստացվել, տապալվել է։ Եթե օրենքը 3 տարի կառավարության համար չի գործել, քանի՞ կոպեկի արժեք ուներ այս օրենքը»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ օրենքը չի գործել, քանի որ չեն կատարվել օրենքի պահանջները՝ այն է փոխմարզպետների, փոխքաղաքապետների և վարչական շրջանների ղեկավարների կողմից հրամանատարական պարտավորություններ ստանձնելը։ Պաշտպանության փոխնախարարի հավաստմամբ՝ վերոնշյալ անձանց տվյալ պաշտոններում չնշանակելը համակարգի տապալման հիմք չէ։

«Աշխարհազորի համակարգի ձևավորման ձախողման պատճառներից մեկը նշել էիք՝ այս չնշանակումները։ Հավատացնում եմ, որ բացարձակ նշանակություն չի ունեցել նշանակված կամ չնշանակված լինելը, որովհետև, եթե մենք որոշ հատվածներում կարողացել ենք ինչ որ աշխատանք իրականացնել, կատարվել է ՊՆ և մասնավորապես, զինկոմիսարիատների միջոցով, ինչը մենք հիմա ամրագրելու ենք օրենքում։ Եվ մենք իրականությունից բխող փոփոխություններ ենք իրականացնելու, որովհետև, ըստ էության, այն մարզերում, որտեղ ունեինք փոխմարզպետներ աշխարհազորի գծով, դարձյալ այդ աշխատանքները կատարվում էր ՊՆ–ի ուժերով և հնարավորությունների օգտագործմամբ»։

Նոր փոփոխությամբ առաջարկվում է ունենալ տարածքային սկզբունքով ձևավորվող զինվորական ստորաբաժանումներ և աշխարհազորի սկզբունքով ձևավորված տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերին և առաջնային դիմակայելու այդ սպառնալիքներին։ Դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Տարածքային պաշտպանության համակարգն իր մեջ ներառելու է տարածքային պաշտպանության զորքերը և դրանց հրամանատարությունը, ինչպես նաև տեղական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից:

Պաշտպանական կառույցը շարունակելու է զինված ուժերի մարտունակության բարձրացման և ժամանակակից դառնալուն ուղղված փոփոխությունները։ Տարածքային պաշտպանության, հատուկ նշանակության զորքերի ձևավորման և ԱԹՍ–ների վարչություն ստեղծելուն զուգահեռ, շարունակելու են գնալ բանակի կերպափոխման հայեցակարգի ճանապարհով։ Փաստաթուղթ, որով մեծ փոփոխություններ են նախատեսված զինված ուժերում՝ բանակի հեղինակության բարձրացումից, զինված ուժերում կանանց ներգրավածությունից մինչև տեղական արտադրություն։ Ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման՝ պայմանագրայինների թվի ավելացման համար հայեցակարգում ընդգծվում է ‹‹Պաշտպան հայրենյաց›› ծրագրի կարևորությունը՝ որպես մեխանիզմ, որով պիտի այդ անցումը տեղի ունենա մինչև 2027 թվականը, Ծրագիրը ներկայացնում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

««Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է, երբ  ժամկետային զինծառայողը կարող է 6 ամիս ծառայությունից հետո կնքել հնգամյա պայմանագիր ՀՀ ՊՆ–ի հետ, ստանալ բոլոր պայմանագրայիններին հավասար աշխատավարձ, ինչպես նաև 5–րդ տարվա ավարտին ստանալ 5 մլն դրամ պատվովճար։ Այնուհետև ինքը կորոշի՝ կշարունակի ծառայությունը, թե կվերադառնա քաղաքացիական կյանք։ Զուգահեռ  մենք թույլ ենք տալիս, որպեսզի այս ծրագրի շահառուները հեռակա սովորելու հնարավորություն ունենան»։

Բանակի կերպափոխման հայեցակարգի իրականացման հայտարարված ժամկետն է 2024 – 2035 թվականները: Հայեցակարգը շոշափում է զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրներ։ Հայեցակարգի գործնական կիրառության դեպքում մարտունակ ու բարձր հեղինակություն վայելող բանակը իրականություն կդառնա, վստահեցնում է գերատեսչության ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button