Սփյուռքի ձայնը

Տուն դարձած հայրենիք․ 70 օր անհետ կորած մի զինվորի պատմություն․ «Սփյուռքի ձայնը»

Նիկոլայ Ստեփանյանը անգլերենի ուսուցիչ է, ծնվել է ՌԴ-ում։ Մանուկ հասակում մի քանի անգամ ծնողների հետ եկել է Հայաստան, սակայն երբ 2019 թվականին եկավ հայրենիք կամավորության նպատակով, որոշեց, որ մնալու է իր հայրենիքում, որովհետև այստեղ իր տունն է, ու իր արած գործն ավելի կարևոր է։

2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա արդեն հաշվառված զինվոր էր և արդեն ուներ Հայաստանի քաղաքացիություն։ «Իմ երազանքը դրսում ապրելու տարիներին Հայոց բանակում ծառայելն էր։ Ծնողներս տեղյակ չէին իմ որոշումից», — պատմում է Կոլյան։

2020 թվականին Նիկոլայ Ստեփանյանը հայտնվեց մի իրավիճակում, որի մասին, գուցե, կարդացել էր գրքերում, տեսել ֆիլմերում։ Երիտասարդը 70 օր շարունակ անհետ կորածների շարքում է եղել, կես տարի կյանքի ու մահվան կռիվ տվել հոսպիտալում։ Այդ բոլոր ապրումներն ու հարցերի պատասխանները փորձել է գտնել իր հեղինակած «Որտեղ» գրքում։

«Գիրքը երկխոսություն է ինքս ինձ հետ, հարց ու պատասխան մանկությունից մինչև պատերազմական օրեր և այլն։ Ես հայ եմ, ով պետք է լինի իր հայրենիքում, և երբ շատերը զարմացած հարց են ուղղում, թե ինչու եմ ծառայել՝ զարմանում եմ։ Պարզապես կարծում եմ, որ մեր բանակում շատ խնդիրներ կան, գոնե այն թվականին, երբ ես էի ծառայում, որոնք պետք է շտկել», — ասում է։

Կոլյան արդեն 5 տարի ապրում է Հայաստանում, ամուսնացել է, ունի աշխատանք։ Վստահ ու հպարտ նշում է, որ թեև անցել է բարդ ճանապարհ, սակայն հենց այստեղ են իրականացել նրա բոլոր երազանքները։

Գիրքը, ի դեպ, լույս է տեսնելու փետրվարի վերջին։ Նիկոլայ Ստեփանյանը նախատեսում է այն թարգմանել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։

«Գիրքը ռուսերեն է։ Ի դեպ, գիրք գրելը իմ երազանքներից մեկն էր։ Այն խմբագրել է իմ ռուս ընկերներից մեկի ծանոթ հայտնի խմբագիրը։ Ես շատ եմ սիրում ռուս գրականությունն ու ունեմ լավ ընկերներ Ռուսաստանում։ Իմ առաջին լեզուն նույնպես ռուսերենն է, բայց ես համոզված եմ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ այլուր, հայը իրեն յուրային չի զգում, դրա համար էլ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում», — եզրափակում է։

Կարդացեք նաև

Back to top button