
Երևանի պատմության թանգարանի՝ 19-րդ դարի հայկական տարազների, զարդերի ու կենցաղային իրերի հավաքածուն 2024-ի սկսել է համաչինական շրջագայությունը։ Փոխադարձ այցով չինական թանգարանների հավաքածուներն էլ կներկայացվեն Հայաստանում։ Երևանի պատմության թանգարանում բացվել է «Ֆուծիանի հմայքը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Թելի փոխարեն թղթե նուրբ շերտով հյուսված գորգին վիշապներ են․ չինական արվեստի նմուշը հասել է «վիշապագորգի հայրենիք»։
Երևանի պատմության թանգարանում մինչև փետրվար կներկայացվի Չինաստանի Ֆուծիան նահանգը խորհրդանշող ժամանակավոր ցուցադրությունը։ Նմուշները թույլ կտան իմանալ ավելին՝ հնագույն 2 քաղաքակրթություների նմանությունների և տարբերությունների մասին՝ ասում է «Հայ-չինական գործընկերության կենտրոնի» նախագահ Արմեն Մխիթարյանը։
«Վիշապը չինական խորհրդանիշն է։ Շատ հետաքրքիր նկար է։ Իրենք անպայման ուզեցին, որ ցուցադրվի և մենք՝ հայերս, ծանոթանանք այս տեխնիկային։ Այցելուները կարող են որոնել այս թղթե գորգում 9 վիշապների։ Ինչպես գորգն է տարբեր գույնի թելերով գործվում, այնպես էլ սա գործվել է տարբեր գույնի թղթե թելերից»։

Չինաստանը մեր օրեր հասած 10 հնագույն քաղաքակրթությունների իր հաշվարկն ունի, ուստի կարևորում է Հայաստանի հետ մշակութային փոխհարաբերությունը։
Նախորդ տարեսկզբին Երևան քաղաքի պատմության թանգարանի 19-րդ դարի տարազները, արծաթե զարդերն ու կենցաղային առարկաները «Նոյի երկիր» խորագրի ներքո սկսեցին համաչինական շրջագայությունը։ Հավաքածուն ցուցադրվեց Չինաստանի կարևոր նահանգների «A» դասի 3 թանգարաններում։ Ի պատասխան, նահանգները կներկայացվեն Հայաստանում, որոնցից առաջինը Ֆուծիանն է։
Հայաստանի հետ նմանությունը ընտանեկան արժեքները պահպանելու մեջ է՝ վարժ հայերենով պատմում է Երևանի պետական համալսարանում արդեն 3 տարի հայոց պատմություն ուսումնասիրող Վան Ձը Հուան, որը ազգանվան ուղիղ թարգմանությամբ իր համար հայերեն անուն է ընտրել «Իշխանը»։ Զրուցակիցս ներկայացնում է Ֆուծիանում պահպանված բազմադարյա հսկա կլոր շինության և դրա բնակիչների պատմությունը, որի փայտե մանրակերտը ներկայացված է Երևանում։

«Մոտ 1000 տարի առաջ նրանց նախնիները Հյուսիսայինից փախան Հարավային Չինաստան և բնակություն հաստատեցին Ֆուծիան նահանգում։ Որպես օտար միշտ ապրում էի վտանգի մեջ, հետո որոշեցին կառուցել այս շենքը, որպեսզի պաշտպանեն բոլոր ազգականներին։ Մեջտեղում կա տաճար, նրանց նախնիների արձանը։ Ամեն տարի, ըստ չինական օրացույցի՝ հունվարի 1-ին, բոլոր ազգականները պետք է հավաքվեն և միասին աղոթեն»։
Հայկական Իշխան անունով չինացի զրուցակիցս ներկայացնում է նաև մյուս ցուցանմուշների պատմությունը՝ ապագան բերող «Ապագայի Բուդդայից» մինչև 1700 տարի առաջ մարդ ծնված, հետո սրբադասված ու վերերկրային դարձած «Արդարության Աստվածը»։ Նրանց խորհրդանշող ճենապակե արձանիկներից զատ կան նաև ծիսական ու կենցաղային առարկաների տեսքով ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ։

«Կնիքներ են, էստեղ նշված է վիշապի 9 որդիներից մեկը։ Ըստ չինական ավանդության՝ վիշապն ունի շատ երեխեք՝ զավակներ տարբեր կենդանիների հետ, այսինքն խառնածիններ, իր մայրիկը, ինձ թվում է, առյուծ է։ Վերևում ցուցադրվածը շատ հայտնի է չինական պատմության մեջ որպես ճամփորդ Մին դինաստիայի ժամանակ։ 15-րդ դարում ճամփորդել է Հնդկական օվկիանոսից մինչև Աֆրիկա»։
Չինաստանի Նինբո, Սիան և Գուանջոու քաղաքներում Երևանի պատմության թանգարանի նմուշների ժամանակավոր ցուցադրության բացման արարողություններին մասնակցել է գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը։

«Շատ կարևոր էր վիճակագրությունը՝ ինչ քանակության այցելուներ ենք ունեցել թանգարաններում։ Երբ բացեցինք Սիանում ցուցահանդեսը, հենց առաջին օրը հսկայական «բում» էր՝ օրական 12 հազարից ավելի այցելուներ։
Իհարկե, թանգարանների, ցուցահանդեսների շարք կար, բայց կոնկրետ մեր ցուցահանդեսի հատվածը, որ 800 մ² տարածք էր զբաղեցնում, հրաշալի էր կազմակերպված՝ դեկորացիայով, ցուցադրական միջոցներով»։
Ընդհանուր առմամբ Չինաստանի առաջատար 3 թանգարաններում հայկական ցուցադրությունն ունեցել է ավելի քան 2 միլիոն այցելու։

Պատմական Հայաստանի տարբեր հատվածների տարազների 9 հավաքածուները, առանձին արծաթե գոտիներն ու կենցաղային իրերը լուսանկարների և Արմենիա անվան չինարեն «Յա Մեի Նի Յա»՝ գրառմամբ տարածվել են չինական սոցցանցերում։ Հայկական տաղավարում կամավորների մեծ բանակ է գրանցվել։ Նրանք մանրամասն ծանոթացել են էքսկուրսիոն նյութերին և դրանք վերապատմել չինացի այցելուներին։




