
ԱԺ հարցուպատասխանի ժամին կառավարության ներկայացուցիչներին 39 հարց է ուղղվել։ Վարչապետն անդրադարձել է արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող հարցերին։ Բոլոր լուծումները, որոնք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին ու միջազգային գործընկերներին, հենվում են իրական Հայաստանի հայեցակարգի վրա՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային վերջին երկու օրերին կմիանա Դավոսի միջազգային համաժողովին, որտեղ հավաքվել են 130 երկրի շուրջ 3000 ներկայացուցիչներ և կառավարությունների 350 ղեկավարներ:
Փաշինյանը Դավոս կմեկնի ԱԺ-ում հարց ու պատասխանից հետո, ասում է՝ չի ցանկացել խախտել օրենսդրական պահանջը և բացակայել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից։ Հայտնի է, որ Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահը։ Թե ինչ հանդիպումներ են այնտեղ սպասվում, վարչապետը չի մանրամասնում․
«Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, կունենամ մի շարք հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը։ Ըստ ամենայնի՝ հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի և կախված է գրաֆիկից»։
Վերջին շրջանում Հայաստանի ձեռնարկած արտաքին քաղաքական գործողությունները փոքր–ինչ տարամետ են․ նախ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնակարգ ստորագրվեց, հետո կայացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա արտգործնախարար Միրզոյանը մեկնեց Մոսկվա գործընկերոջ հետ հանդիպելու համար։
Ժամեր անց էլ Հայաստանի վարչապետը կմեկնի Դավոս միջազգային ֆորումի։ Վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ՝ կառավարությունը կիրառում է բալանսավորման այն հայեցակարգը, որի հիմքում իրական Հայաստանի տեսլականն է․

«Մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մեկը մյուսի հաշվին։ Բայց, մյուս կողմից, այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ, և նրբությունն այն է, որ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, և այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է ՀՀ անվտանգությունը։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայնտվել։ Այն պրոցեսը, որը մենք անցել ենք ես համարում եմ, որ դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս այսօրվա իրական աշխարհ։ Առաջարկում եմ, որ բոլորով մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ, դուրս գանք այդ վեպի սյուժեից դեպի իրական Հայաստան։ Սա մեր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության հայեցակարգն է»։
Իսկ որտեղով են անցնում «իրական» Հայաստանի սահմանները, օրինակ, Տավուշի մարզում, որտեղից սահմանազատումը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները։ «Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կառավարությունից փորձում էր պատասխան ստանալ՝ արդյո՞ք որևէ հատված Տավուշի մարզում, հատկապես՝ Կիրանց-Ոսկեպար հատվածի Մ4 միջպետական ճանապարհից, կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է, որ ըստ աշխատանքային կարգի՝ կողմերը պայմանավորվածությունների մասին տեղեկությունները պարտադիր հրապարակում են պաշտոնական հաղորդագրությունների միջոցով։ Ըստ փոխվարչապետի՝ հաստատված կանոնակարգը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները և մտնում ուժի մեջ։ Մհեր Գրիգորյանը համարում է, որ այդ շրջանակում պատգամավորները կարող են գտնել իրենց հուզող հարցի պատասխանները։ Ընդդիմադիր պատգամավորներին, սակայն, չի բավարարում փոխվարչապետի պարզաբանումը։

Գառնիկ Դանիելյան.-Կանկրետ հարց եմ տալիս՝ ակնկալելով հստակ պատասխան․ Կիրանց–Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհը անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՞ ոչ։ Որովհետև սրա մասին բազմաթիվ շահարկումներ կան և ասում են, որ սահմանի այդ հատվածը իբր սահմանազատված և սահմանագծված է։ Փոխանակ այդ հարցին պատասխանեք և մեր մտահոգությունները փարատեք, կներեք, բայց ոչինչ չասող պատասխան եք տալիս։
Մհեր Գրիգորյան.-Հաշվի առնելով հարցի կարևորությունը և զգայունությունը՝ Դուք պարտավոր եք նաև բացահայտել, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդը․ ես կարծում եմ՝ լիարժեք պատասխանեցի ձեր հարցին, որովհետև պայմանավորվածությունների շրջանակը, հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում համաձայնությունն, հրապարակվում են, և դրանք չեն կարող գաղտնի մնալ»։




