Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը՝ կազմված չորս մետրանոց մոնումենտալ գծանկարից և ստեղծագործության ընթացքը ցուցադրող վավերագրական տեսանյութից։
Այս գործը ստեղծվել է 2021-24 թվականների ընթացքում, որը արվեստագետի արձագանքն է 44-օրյա պատերազմին և Արցախի կորստի ողբերգական իրադարձություններին։
Արվեստագետը պատմում է, որ գաղափարը ծնվել է պատերազմի օրերին, երբ նրան սկսել է հետաքրքրել ծխի քուլաները և փորձել է այն նկարել գունավոր մատիտներով։
«Իմ և բոլորիս մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Էն գաղափարներին, որ հավատում էի, հասկացա, որ դրանց այլ կետից պիտի նայեմ ու դրա համար ժամանակ է պետք։ Իմ գործով ես խոսում եմ այն մասին, որ այլևս չեմ հավատում, որ պատերազմներ չեն լինելու։ Կյանքը հենց էդպիսին է, որ իր մեջ ներառում է և՛ ցավ, և՛ աղետալի ու բացասական բաներ, և՛ դրական բաներ, դրանք զուգահեռ գնում են։ Դա փոխվեց իմ մեջ։ Իմ աշխատանքը պատերազմի պատկերով կյանքի ու ապրելու մասին է, կյանքի շերտերի, խորությունների ու գույների մասին է։ Ինձ համար հենց այդ շեշտադրումն է կարևոր․ կենսունակության, ապրելու» , – ասում է Լուսինե Նավասարդյանը։
Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ցուցադրվելը արվեստագետի համար նույնպես կարևոր է։ Նա կարևորում է երկխոսությունն անցյալի հետ, ինչպես ինքն է ասում՝ «պատմանական հղումը իր ժամանակի հետ»։
Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագծով Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկելու է համադրող Վիգեն Գալստյանի «Հեռապատումներ» ծրագիրը, որը հնարավորություն կստեղծի ազգային պատկերասրահում ժամանակակից հայ արվեստագետների նոր և նշանակալի ստեղծագործությունների ցուցադրությունը։
Լուսինե Նավասարդյանի նախագիծը Ազգային պատկերասրահում կշարունակվի մինչև փետրվարի 2–ը, որից հետո այն կցուցադրվի Բեռլինում։




