
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն է հայտնել որակապես մաքուր էջից վերականգնել հարաբերությունները ԱՄՆ հետ, թարմացնել ռազմավարական գործընկերությունը։
«Այսօր կարևոր օր է»,- իր ուղերձում նշել է Կոբախիձեն, շեշտելով, որ ԱՄՆ-ում նոր նախագահի երդմնակալության արարողությունը «շրջադարձային է ԱՄՆ-ի համար», հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
«Ուզում եմ ընդգծել, որ անցած չորս տարիները բավականին բարդ էին ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Եղել են բազմաթիվ ճգնաժամեր, և դեռ պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում ծանր տնտեսական ճգնաժամ է, իսկ կեղծ-ազատական քարոզչությունն էլ ավելի լայն տարածում է գտել վերջին չորս տարիների ընթացքում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը շատ հավակնոտ ծրագիր է առաջադրել։ «Սա Deep State-ին հաղթելու ծրագիր է, և մենք ցանկանում ենք հաջողություն մաղթել նախագահ Թրամփին այս գործում։ Այս պայքարում հաջողությունը վճռորոշ կլինի Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման համար»,- շեշտել է նա։




