
Շրջակա միջավարի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2024թ․-ի աշխատանքը։ Այս տարի նախարարն իր խոսքը սկսեց տեղեկացնելով 5 դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք ուղղված են նաև կենսաբազմազանության պահպանությանը։
Ինչ վերաբերում է օրենսդրական բարեփոխումներին, ապա Սիմիդյանի փոխանցմամբ՝ 2024 թվականի ընթացքում ընդունվել է նախարարության կողմից մշակված 69 իրավական ակտ, որից՝ 4 օրենք, 41 Կառավարության որոշում, 2 Վարչապետի որոշում և 22 նախարարի նորմատիվ հրաման։ Շարունակելով խոսքը Սիմիդյանն ընդգծեց, որ ջրօգտագործման ոլորտում ևս փոփոխություններ են տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամփոփիչ ասուլիսի ընթացքում Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ օրենդրական փոփոխությունների արդյունքում ձկնաբուծարաններում ներդրվելու է փակ շրջանառու համակարգ։ Սակայն այդ համակարգն այդպես էլ չներդրվեց, պատճառն, ըստ Սիմիդյանի, հետևյալն է․
«Անցյալ տարի խոսել եմ օրենդրության պահանջի մասին։ Օրենսդրությունն արդեն ունի հստակ պահանջ։ Ջրօգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառու համակարգով։ Ձկնարտադրողների հետ բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան։ Նրանք ակնկալել էին կարգ սահմանել, դա էլ արեցինք, սակայն օրենքի կիրառկմանը զուգահեռ ձկնարտադրողները դատական հայց են ներկայացրել դատարան։ Դատարանն այս պահին օրենքի կիրառումը կասեցրել է և այս պատճառով պրոցեսը կանգնած է»,— ասաց նա։
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ևս հայտնեց, որ այս համակարգը դեռևս գործանական փուլ չի մտել, հետևապես որևէ աշխատանք այս մասով դեռևս չի իրականացվում։ Ինչ վերաբերվում է անօրինական ջրօգտագործման դեպքերին, ապա Մարտիրոսյանի խոսքով՝ 44 ապօրինի ջրառ է կասեցվել։




