Արմեն Հովսեփյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում։ Ավարտելով Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանի Ժողգործիքների բաժինը 1982 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 89-ին Կոնսերվատորիայի Ազգային նվագարանների թառի դասարանն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Կամավոր մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 93-ին վիրավորվել է։
Պատերազմից հետո, ինչպես ասում է, Ստեփանակերտը նման էր Ստալինգրադին՝ ամբողջությամբ ավերված, նաև հացի խնդիր կար, ու երաժիշտը ստիպված էր մի կողմ դնել իր մասնագիտությունն ու մանր առևտրով զբաղվել ։ Որոշ ժամանակ աշխատել է Արցախի պաշտպանության բանակում։ 2009 թվականից մինչև 2023-ի Արցախի հայաթափումը Արմեն Հովսեփյանը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենն էր։ Ընտանիքով այժմ ապրում է Բյուրեղավանում, երաժիշտ Հովսեփյանը դարձյալ ստիպված է ոչ մասնագիտությամբ աշխատել։ Չորս զավակներից երկուսը Արցախից Հայաստան գալուց հետո տեղափոխվել են Ֆրանսիա։ Ինքը չի կորցնում լավատեսությունը, վստահ է, որ մի օր վերադառնալու է Արցախ։ Ասում է՝ եթե մենք ողջ ենք, Արցախի հարցը ողջ է լինելու։




