
Զարդեր կրելիս, երբեք չենք խորանում դրանց իմաստի մեջ, մինչդեռ ժամանակին այդ զարդերից յուրաքանչյուրը ոչ միայն կրողի նյութական կարողությունն է ցույց տվել, այլ հատուկ իմաստ ու նշանակություն է ունեցել։


Շատ կարևոր էին հատկապես «փակ շրջան» ներկայացնող զարդերը․ գոտիները, ոտքի և ձեռքի շղթաները, մատանիները և հատկապես՝ դրանց վրայի նախշերը։ Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աստղիկ Իսրայելյանը, պատմում է, որ հայերի զարդերի վրա հաճախ են հանդիպում վիշապներ, գորտեր, նշեր, վարունգներ կամ խիարուկներ, որոնք խորհրդանշել են առատություն, բերրիություն, ուժ կամ հարստություն։ Եղել են վայրեր, որտեղ անգամ գորտի պաշտամունք է եղել և կանայք` կաթը շատացնելու խնդրանքով, կերակրել են գորտերին։


Մի շարք մարզերում, կանայք գլուխը պահպանում էին փոքրիկ թասակով, որի եզրերին կախում էին հատուկ նախշերով մանրիկ զարդեր։ Պարանոցից կախված զարդերը, կանանց կուրծքը պահպանում էին չար աչքից, ինչը շատ կարևոր էր, հատկապես կերակրող մայրերի համար։
Զարդարում էին նաև փոքրիկներին։ Նրանց ոտքերին փոքրիկ զանգակներով շղթա էին կապում, որի միջոցով մայրը իմանում էր, իր փոքրիկի գտնվելու վայրը։




