Լուսինե Ղարախանյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Արցախի պետական համալսարանը, մասնագիտությամբ հոգեբան է։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, 2020 թվականից ղեկավարել է հիշյալ գերատեսչությունը։ 44-օրյա պատերազմի առաջին օրը 4-ամյա դստերը նկուղ տանելուց հետո գնաց աշխատավայր ու չափազանց ծանր զգացողությամբ ձևակերպեց հրաման ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ։ Դրանից հետո ստեղծել է կամավորական մեծ խումբ, որն օգնում էր թիկունքին՝ ինչով հնարավոր էր։ Որպես կամավորական Լուսինե Ղարախանյանն անձամբ վիրավորների համար սավաններ էր կարում, ինչպես ասում է՝ յուրաքանչյուրի հետ քթի տակ խոսելով՝ այնպես արեք, որ մեր զինվորներին բան չպատահի։
44-օրյա պատերազմից հետո հավաքում է նախարարության ամբողջ անձնակազմին ու հայտարարում ՝ սկսում ենք ինքներս լիզել մեր վերքերը։ Ու համակարգն, իսկապես, սխրանքներ է գործել պատերազմից հետո։ Լուսինեն հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ է։ Իր մասնագիտությամբ կարողացավ օգնել նաև պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ձեռք բերած արցախցի փոքրիկներին։ Ձեռք-ձեռքի Արցախում փորձում էին դիմադրել իրենց բաժին հասած աղետներին ու կարծրացած անարդարությանը։ Անգամ շրջափակման պայմաններում Արցախում լույս էին ստեղծում՝ լույսի ակնկալիքով, որն այդպես էլ չծագեց․․․
Հակարիից հետո Արցախի բացված վերքի սպեղանին Լուսինեի համար դարձավ Թումանյանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Հովհաննես Թումանյանի թանգարան մտավ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերի 26-ից արդեն տնօրենն է։




