
«Թող փողփողա թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»․
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած՝ պաշտոնական օրհներգն այս տողով ավարտելու առաջարկը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող Սիսակ Գաբրիելյանը նպատակահարմար է գտնում օրհներգը սկսել և ավարտել Հայաստանի Հանրապետության մասին խոսքերով։ Նախագիծը մշակվել է պաշտոնական միջոցառումների ժամանակ օրհներգի հնչողությունը ստանդատավորելու նպատակով։
«Իմ տպավորությամբ, մենք ոչ այնքան արժանի ուշադրությամբ ենք վերաբերվել ՀՀ օրհներգին։ Վստահ եմ, որ հենց այս սեղանի մոտ նստածները կարող են հիշել, որ տարբեր միջոցառումներին ՀՀ օրհներգը լսել են ամենատարբեր կատարմամբ։ Մի տեղ մի քիչ ավելի դանդաղ, ավելի արագ, մի տեղ երաժշտական գործիքները մի քիչ այլ են եղել։ Էլ չեմ ասում, որ մի տեղ, օրինակ, առաջին քառյակը երգել են վերջին երկու տողերը կրկնելով, մի տեղ չեն արել դա, և ըստ էության, ու նաև դե յուրե, անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը։ ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և՛ կարճ տարբերակը, և՛ գործիքային, և՛ վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»։
Խոսքը այն միջոցառումների մասին է, երբ օրհներգը հնչեցնելը պարտադիր է օրենքով։ Այդ դեպքերում, օրինակ, միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ, օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կերպ, ինչն էլ անհանգստացրել է նախագծի հեղինակներին․ դա պետական խորհրդանիշի նկատմամբ անարգանք են համարում։
Մինչ օրենքի ընդունումը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը մի քանի անգամ արդեն հնչել է փոփոխված տարբերակով․ սա էլ անհանգստացնում է խորհրդարանական ընդդիմությանը։ Նշանակում է՝ անարգե՞լ եք օրհներգը, հարցնում է Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Դուք ձեր համար ի՞նչ պատասխանատվություն եք տեսնում էստեղ, և արդյո՞ք ձեր արածը անարգանք է, թե՞ չէ, որովհետև գործող օրենքը ասում է, որ սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն»։
Նախագծի համահեղինակի կարծիքով, հենց այս խնդիրն են փորձում լուծել օրենքի փոփոխությամբ։ Քանի դեռ հստակ սահմանված չէ ստանդարտը, դրանից շեղումը անարգանք համարվել չի կարող։ Պետք է մշակվի, որ հնարավոր լինի խախտողին պատասխանատվության կանչել․
«Եթե մի բանը հստակ չի, սահմանված չի, ի՞նչն եմ անարգել։ Ես ասում եմ՝ ես և դուք եղել ենք միջոցառումների, որտեղ էդ մի քառատողն է հնչեցվել, անարգե՞լ ենք ես և Դուք Հայաստանի օրհներգը։ Չէ, չէ՞։ Բա էդ եմ ասում՝ հստակություն չկա, և հետևաբար պարզ չի՝ ինչն ես անարգել, ո՞րն է քո հանցակազմը։ Այսինքն, այո, գրել ենք՝ էս է մեր օրհներգը, բայց հետո չենք տվել, թե որն է, ոնց պետք է հնչի, եկեք էսօր յութուբում բացենք, հաստատ ես և Դուք ավելի շատ վատ կատարումներ կլսենք Հայաստանի Հանրապետության օրհներգի, քան օրինակ, որ հնչել է Ազգային Ժողովում էդ գեղեցիկ երաժշտախմբի կատարմամբ քառյակները փոխած։ Հաստա՛տ ավելի վատերը կգտնենք, ես մի քանիսը տեսել եմ։ Եթե տենց գնանք, հետևաբար, բոլոր դեպքերում համատարած ամբողջ ազգով անարգել ենք Հայաստանի Հանրապետության օրհներգը, եթե տենց է, պիտի մի հատ համաներում տանք»։
Օրենքի ընդունումից հետո դրա խախտման դեպքում ի՞նչ պատիժ է սահմանված իրավախախտի համար, դեռ հայտնի չէ։ Առաջարկում են նաև պաշտոնապես ամրագրել օրհներգի կրճատ տարբերակը, որը ներառում է միայն մեկ քառատող։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այստեղ խնդիր և վերանայման անհրաժեշտություն է տեսնում․
«Փաստորեն, կրճատ տարբերակ ասվածը թողել եք միայն 1 քառատող։ Կամ ամբողջն է՝ 4-ը, կամ 1-ը։ Իսկ 2-ը հնարավոր չի՞, որպես կանոն, 1-ը շատ քիչ՝ հազվադեպ դեպքերում պետք է լինի, օրհներգ 1 քառատողով, որ հնչում է, համաձայնեք, ավելի շատ նսեմացում կգնա, քան թե արժևորում»։
Մեկ քառատողը նվազագույնն է՝ ասում է Գաբրիելյանը, չբացառելով որոշ դեպքերում 2 կամ 3 քառատողերը հնչեցնելու պահանջի իրավական ամրագրումը։
Ընդդիմությունն առաջարկեց նախագիծն այս պահին հանել շրջանառությունից, մանրամասն քննարկել, լրացումներ ու փոփոխություններ կատարելուց հետո կրկին ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը։ Առաջարկը, սակայն, մերժվեց, և օրենքի նախագիծն ստացավ դրական եզրակացություն։ Առաջիկայում այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։




