
Այս տարի նախատեսվում է Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Այս մասին 2024թ․-ի ավարտին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
2024թ․-ի վերջին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցավ պայմանագրի ստորագրման արարողություն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ը բաժնետոմսերի 12.5 տոկոսը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ Ծրագրով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել։
«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը տեղեկացրեց, որ այս տարի հանքավայրը կշահագործվի:
Մինչդեռ բնապահպանները համոզված են, որ Ամուլսարի հանքավայրը չի շահագործվելու, քանի որ կան էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական ռիսկեր։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել է բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։
Ամեն դեպքում բնապահպանության ոլորտի մասնագետները Ամուլսարի շահագործումը քիչ հավանական են համարում։ Մասնավորապես, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը հիշեցնում է, որ 2005թ․-ից տարբեր փոստաթղթեր են ստորագրվել, սակայն հանքավայրն այդպես էլ չի շահագործվել։ Գալստյանը կարծում է, որ բացի էկոլոգիական խնդիրներից, այս գործարքով Կառավարությունը գնացել է ռիսկային քայլի։
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը նույնպես կարծում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է։
Շուրջ 9 տարի դատարանում իրենց իրավունքներն էին պաշտպանում Վայոց ձորի Գնդեվազ գյուղի բնակիչները։ Վերջերս հրապարակվեց վարչական դատարանի որոշումը, որով մասամբ բավարարվել է Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։
Պատասխանատու մարմինները հաղորդում են, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն 2025թ․-ի առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը՝ 4-րդ եռամսյակում:




