
Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների և ներկա իրավիճակի մասին։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ քանի դեռ պայմանագիրը կնքված չէ, պահպանվում է էսկալացիայի վտանգը։ Նրանք միաժամանակ հաստատում են, որ կողմերը շարժվում են խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Խաղաղության բանակցություններին զուգահեռ Բաքվում շուտով կսկսվեն ԼՂ նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարությունները։ ԿԽՄԿ ներկայացուցիչներն, ի դեպ, դեկտեմբերին տեսակցել են Ադրբեջանում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, հնարավորություն տվել խոսելու հարազատների հետ։ ԼՂ նախկին ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին Բաքուն առաջադրել է լրաջույն մեղադրանքներ, որոնք, սակայն, փաստաբանները և իրավապաշտպանները շինծու են որակում։
Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ 2025 թվականին Հարավային Կովկասը կմնա աշխարհաքաղաքական ազդեցության մարտադաշտ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն արտաքին աջակցություն են փնտրում՝ խաղաղ բանակցություններում իրենց դիրքերն ամրապնդելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի կնքումը 2025–ին ամերիկյան վերլուծաբանները քիչ հավանական են համարում կողմերի միջև գոյություն ունեցող սկզբունքային տարաձայնությունների պատճառով, թեև հաստատում են կողմերի՝ խաղաղության ուղղությամբ շարժվելու պատրաստակամությունը։ Հոդվածում առանձնացվել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, սահմանների ամբողջական սահմանազատման մանրամասների և հաղորդակցությունների բացման շուրջ տարաձայնությունները։ Ըստ հրապարակման՝ դրանց մի մասը կարող է հետաձգվել հետագա համաձայնության համար, բայց քանի դեռ չկա համաձայնություն, տարածաշրջանում հակամարտության բռնկման հավանականությունը կպահպանվի՝ եզրակացնում է «Stratfor» վերլուծականը՝ նշելով, որ Բաքուն օգտագործում է իր ռազմական առավելությունը բանակցություններում լծակները պահպանելու համար:
Այս ամենին զուգահեռ Բաքուն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ցուցադրական դատավարություններին, որոնք, ըստ իրավունքի մասնագետների, հակասում են աշխարհում ընդունված կանոններին։ Իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ այստեղ մեծ անելիք ունի հենց միջազգային հանրությունը․
«Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը բռնապետություն է, այնտեղ իրավունքը որպես այդպիսին չի գործում, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ԵԽ անդամ, անպատիժ խախտել մարդու իրավունքները, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, և Հայաստանի գործիքակազմը խիստ սահմանափակ է ինչ-որ բան անելու համար։ Այստեղ կոլեկտիվ գործողություններ են հարկավոր, միջազգային հանրության պատասխանատու գործելակերպն է կարևոր։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես բռնապետական ռեժիմների վերելք է նկատվում և Ադրբեջանը փորձում է կրկնօրինակել ավագ եղբայրներին։ Բայց սա, իրականում, միջազգային իրավակարգն էրոզիայի տանող երևույթ է»։
Բաքուն որոշել է ցուցադրական դատավարությունները սկսել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերից։ Դատական առաջին նիստի օրը՝ հունվարի 17–ին, Բաքվի զինվորական դատարանը հավանաբար կորոշի դատական նիստերի կարգը։ Չի բացառվում, որ գործի որոշ հատվածներ լսվեն փակ դռների հետևում։ Հայտնի է նաև, որ հարցում է ուղարկվել Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիա՝ փաստաբաններ նշանակելու մասին, որոնք կպաշտպանեն ամբաստանյալների շահերը դատարանում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ–ի իրավական փորձագետ Աննա Մելիքյանի կարծիքով՝ սա արդար դատաքննության այն պահանջներից է, որն ի սկզբանե խախտվում է Ադրբեջանում։ Խոսելով ադրբեջանական դատավարությունների ճանապարհն անցած և հայրենադարձված հայազգի անձանց հետ՝ Աննա Մելիքյանը փաստում է, որ անգամ չի ապահովվում պատշաճ թարգմանություն։
«Այս դեպքում անգամ սահմանափակ տեղեկատվության հասանելիություն են կարծես թե ապահովել՝ պնդելով, որ պետական գաղտնիք կաս։ Ակնհայտ է, որ արդար դատաքննության երաշխիքները չեն ապահովվում։ Հայերի դեպքում խնդիրները կրկնակի են։ Նրանք, ըստ էության, հնարավորություն չունեն փաստաբան ընտրել, անգամ այն փաստաբանները, որոնք տեսականորեն պատրաստ կլինեին աջակցություն ցուցաբերել, իրենք էլ են մեծ վտանգների տակ ընկնում ։ Դա արձանագրվել է նաև ՄԱԿ–ի զեկույցներում, որ դատավարությունները, երբ հետապնդում է տեղի ունենում, իսկ այս դեպքում միանշանակ հետապնդում է, ոչ թե քրեական, այլ քաղաքական իմաստով, նման դեպքերում խոսել որևէ արդար դատաքննության մասին և ազատ պաշտպանություն կազմակերպելու մասին, չենք կարող»։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում առաջադրվել են մի շարք ծանր մեղադրանքներ, որոնց համար այդ երկրի օրենսդրությամբ նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակ ունեն։ Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը բոլոր մեղադրանքներն անհիմն է համարում․
«Ես վստահ եմ, որ բոլոր գործերը կարված են՝ հաշվի առնելով, թե ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ինչ մեղադրանքներ են ներկայացվել ի սկզբանե՝ ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում և այլն։ Իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ կերպ հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, որովհետև այն, ինչ ռազմական է եղել, ինքնապաշտպանություն էր։ Ռուբեն Վարդանյանը, նախագահներն այնտեղ են, որովհետև ղեկավարել են, առաջնորդել են մեր քաղաքական պայքարը 90-ականներից ի վեր»։
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը շուրջ 25 հազար էջ է, ամբողջը՝ ադրբեջաներեն: Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե՛ Ռուբեն Վարդանյանից, թե՛ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից:
Իրավապաշտպաններն ասում են, որ Ադրբեջանի վարչակազմը հատկապես սևեռված է Ռուբեն Վարդանյանի վրա, քանի որ նրա միջազգային փաստաբանները ավելի կոշտ են բացահայտում ադրբեջանական արդարադատության խնդիրները։ Մոտ մեկ ամիս առաջ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է՝ Ալիևի վարչակազմն այդպես էլ որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել՝ ապացուցելու, որ իր պաշտպանյալին բանտում չեն խոշտանգել։
Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը բացահայտել է նաև, որ Ալիևի վարչակազմը հետևողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։ Դեռ հունիսին Գենսերն ու Վարդանյանի ընտանիքը հրատապ դիմում էին ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ պահանջելով դատապարտել Արցախի նախկին պաշտոնյայի նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այդ նամակում հայտնել էին, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ կանգնած մնալ։ Ադրբեջանի իշխանությունը հերքել է այս պնդումները և մերժել բանտ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը։
Ռուբեն Վարդանյանը մեկն է Ադրբեջանում պահվող 23 հայ գերիներից, նրանց թվում են նաև Արցախի մյուս առաջնորդները, որոնց ևս ծանրագույն մեղադրանքներ են ներկայացվել։ Փաստաբաններն ահազանգում են՝ նրանց արդար դատավարության իրավունքը խախտված է, ավելի քան մեկ տարի նախնական կալանքի տակ են՝ զրկված պատշաճ պաշտպանությունից։




