
Անցնող տարում սահմանային դիրքերում զգալի ամրաշինական աշխատանքներ են կատարվել, կահավորվել դիտակետերն ու խրամատները։ Ամանորի նախօրեին Սյունիքի մարզպետն է այցելել առաջնագիծ, շնորհավորել զինվորներին, ծանոթացել նրանց առօրյային։ Մարտական դիրքերում ծառայողների տոնական մտորումները ի մի է բերել Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանը։
Սյունիքում տեղակայված մարտական դիրքի ավագ Նարեկ Հակոբյանն է դիմավորում զորամասի հրամանատարին ու Սյունիքի մարզպետին, ինչպես զինվորական կարգն է պահանջում զեկուցում՝ հերթապահության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Ավանդույթը չխախտելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տարեվերջին մարզի մարտական դիրքեր է այցելում։

Հրամանատար Հակոբ Գերյանն ամփոփում է տարին՝ ամրաշինական աշխատանքներ, խրամատների ու դիտակետերի կահավորում։ Հրամանատարի ուղեկցությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները դիրքերում ծանոթանում կատարված աշխատանքներին։
Հյուրերին դիմավորող շարքային Նարեկ Հակոբյանը 6 ամիս հետո տուն է վերադառնալու։ Երաժշտական կրթություն ունի, դհոլ է նվագում։ Զորացրվելուց հետո շարունակելու է կրթությունը կոնսերվատորիայում։ Տարեմուտի գիշերը չի կարողանալու աթոռը դհոլ «դարձնել» ու երգով շնորհավորել մարտական ընկերներին։ Այդ օրը՝ հենց կեսգիշերին, ընդունելու է մարտական դիրքի հերթապահությունը։

«Տոնական օրերին հատկապես ուշադիր ենք լինում»,- ասում է Նարեկ Հակոբյանը
«Ոնց որ ուշադիր ենք լինում ամեն պահի, այդ օրն էլ երկու անգամ ավելի ուշադրությամբ պոստը պահելու եմ»։

Զինվորներն օգնում են հյուրերին՝ նվերները ներս տանել։ Տոնածառ են զարդարել, վառարանի վրա սուրճ են պատրաստում։ «Կես-կես բաժակ շամպայն կարող եք խմել, թույլատրում եմ» հորդորում է հրամանատարը։ Բաժակներն իրար են զարկում ու մաղթանքներ հղում։ «Ամենակարևորը խաղաղությունն է և միջավայրը»,-ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը.

«Եթե մի տեղ միջավայրը լավն է, իրար սիրում ու հարգում են, ցուրտ, դժվարություն չի էլ նկատվում, որովհետև քո մոտ կանգնած են ամենավստահելի մարդիկ։ Ես ուզում եմ շնորհավորել գալիք նոր տարին․ 2025թ-ին թող ձեր ընտանիքներում հաջողություններ լինեն, ձեզ էլ անփորձանք վերադարձ ձեր տներ, ձեր ցավը տանեմ ես։ Հպարտանում եմ ձեզնով»։

Աբովյանցի Հրաչյա Սարգսյանը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում է ծառայում։ Բացատրում է՝ այս ծրագրով պետությունը փոխհատուցում է բուհում ուսումնառության վարձավճարը։ Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, երկրորդ կուրսից համատեղ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ավարտելուց հետո վիճակահանությամբ ծառայության է նշանակվել այստեղ։ Առաջին Ամանորն է, որ բանակում է դիմավորելու։ Հրաչյա Սարգսյան․

«Զորքի վիճակը շատ մարտական է, մաղթում եմ, որ տարին խաղաղ լինի։ Մենք բոլորս այստեղ լավ ենք, որպեսզի մեր այստեղ լինելը իմաստավորված լինի, խնդրում եմ դուք էլ հանգիստ եղեք»։
Նվեր Փարամազյանը Կապանից է. «Հայրենյաց պաշտպան» ծրագրում է ընդգրկված։ 5 տարի պիտի ծառայի, մեկուկես տարի ծառայել է Վարդենիսում, Կարմիրում ու, ըստ «Հայրենյաց պաշտպան» ծրագրի կանոնակարգի, տեղափոխվել է բնակության վայրին մոտ զորամաս։ Սիրում է զինվորական գործը։ Նվեր Փարամազյան․

«Ցանկանում եմ, որ հայ ազգը նոր տարին անցկացնի շատ լավ։ Ուզում եմ, որ բոորի մեջ հայրենասիրությունը շատանա։ Կարծես դա վերացել է հայ ազգի մեջ, ուզում եմ որ շատերը լինեն զինվորների կողքին»։
Մաղթելով աչալուրջ ու խաղաղ ծառայություն՝ հրաժեշտ ենք տալիս դիրքապահներին։ Նրանք էլ իրենց հերթին պատվի են առնում ու զեկուցում՝ Հայաստանի սահմաններն անառիկ են․ իրենք տեղում են։




