
2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը: Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները:
Ջերմոցատնկարանային տնտեսության բաց գրունտը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից:
Տնկվել են շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակներ. գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել:



Տարվա վերջին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը տեղեկացրեց, որ շուրջ 9 հա ուրբան-անտառներ կան հիմնված:
2024թ․-ին Երևան քաղաքը 12.7 հա-ով ընդլայնել է կանաչ տարածքները։ Ինչը ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը լավ ցուցանիշ համարեց։ Նա հույս հայտնեց, որ 2025թ․-ի գարնանն էլ կտեսնենք Նորքի նորատունկ անտառի ադյուքները։




