
Հայաստանի Հանրային ռադիոյի խնդրանքով Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն անդրադարձել Է ամանորյա ծրագրում Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի տեղադրմանը: Ստորև ներկայացնում ենք պատասխանը:
«Հանրային հեռուստատեսությունը իր ծրագրում ներառել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը: Կաթողիկոսի ելույթը ծրագրված է հեռարձակել պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո, որտեղ հեռարձակվելու են ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձները:
Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ չկա օրենսդրական կարգավորում, յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները: Այս տարի, ինչպես նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ուղերձները հեռարձակել նույն սկզբունքով»:
Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Մայր Աթոռի ու Հանրայինի անհամաձայնությունը հեռարձակման ժամի շուրջ է։




