
Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից նշում են, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։
«Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։
Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքում արված գրառման մեջ:




