
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան «Ազատության» հարցմանը, արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին։ Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է, որ անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը, բանակի պրոֆեսիոնալիզմը բարձրացնելուն, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։ Փորձագետները համոզված են, որ Հայաստանը ԱՄՆ զեդնք չի ձեռք բերում , ինչի մասին վերջերս պնդում էր արել Ադրբեջանի նախագահը և որին արձագանքել է ԱՄՆ պետդեպը։
ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառում, պետք չէ տրվել Ալիևի մանիպուլյացիաներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանը զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին։ Պաշտոնական Վաշինգտոնն արդեն արձագանքել է դրանց։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հստակեցրել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգային աջակցությունն ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության, բանակի պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։
«Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի նաև, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը»։
Բենիամին Պողոսյանը նկատում է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կա պաշտպանական համագործակցություն, ինչն ամենևին չի նշանակում զենքի մատակարարում։

«Ես խորհուրդ կտամ չտրվել Ադրբեջանի նախագահի մանիպուլյացիաներին, որովհետև պաշտպանական համագործակցությունը և զենքի մատակարարումները լրիվ տարբեր բաներ են, և պետք չէ մեկը խառնել մյուսի հետ: Հետևաբար, չկա որևէ հավաստի փաստ, տեղեկություն կամ հրապարակում, որ Միացյալ Նահանգները Հայաստանին որևէ զինամթերք է մատակարարել: Ի տարբերություն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ համագործակցության, ինչը պաշտոնական մակարդակով հաստատվել է․ կնքվել են համապատասխան համաձայնագրեր պաշտպանության նախարարի համապատասխան այցերի ընթացքում»։
Ադրբեջանի նախագահը ռուսական հեռուստաալիքին տված իր վերջին հարցազրույցում պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Միացյալ Նահանգները։
Նա ասել էր, թե Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, սակայն ԱՄՆ-ն չի խոստովանում դա։
«Եթե մենք նայում ենք, թե ինչ են գրում Ադրբեջանի իշխանությանը շատ մոտ կանգնած լրատվամիջոցները, նկատի ունեմ կայքեր և վերլուծական կենտրոններ, որոնք մոտ են կամ պաշտպանության նախարարությանը, կամ նախագահի աշխատակազմին, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է իր համար ձևավորել այսպես ասենք՝ արդարացուցիչ հանգամանքներ Հայաստանի դեմ հնարավոր հարձակման համար։ Բացատրությունը հետևյալն է՝ Հայաստանը զինվում է Հնդկաստանից, Ֆրանսիայից, այժմ ավելացնում են նաև Միացյալ Նահանգները, վաղը կարող են հայտարարել, որ մենք նույնիսկ Մեծ Բրիտանիայից ենք զենք ստանում կամ չգիտեմ` որ երկրից ենք զենք ստանում, այնուհետև Բաքվի համար հաջորդ տրամաբանական քայլը՝ Հայաստանը զինվում է, որպեսզի հարձակվի Ադրբեջանի վրա, հետևաբար, որպեսզի կանխենք Հայաստանի անխուսափելի հարձակումը Ադրբեջանի վրա, ասենք, 2026 թվականին, մենք պետք է հարձակվենք Հայաստանի վրա 2025-ին: Սա այն է, ինչ անում է Ադրբեջանը»:
Թեմային բազմիցս անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետը՝ արձանագրելով, որ Բաքվի ռազմական ծախսերն աճում են աննախադեպ բարձր տեմպերով։

«Մեզ մեղադրում են, որ մենք Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, և Ադրբեջանում ընդունված է խոսել, որ արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին։ Բայց Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից։ Ինչու՞ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից, իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից։ Ասում են՝ Եվրամիությունը, Արևմուտքը զինում են Հայաստանին․ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, այսինքն՝ ԵՄ առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից»։
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը նաև հստակեցնում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական շփումներին՝ աշխատելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։




