
Ինչպե՞ս են ազդում լևոթիրոքսինն ու քուրքումինը նեյրոդեգեներատիվ հիվանդություններ ունեցողների վրա։ Հետազոտում են հայ գիտնականները՝ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։
Ալցհայմերի, պարկինսոնի հիվանդություններ ու վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում։
Զայաշարժ ինտեգրացիայի լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Դարբինյանը պատմում է, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ են կատարում հետազոտական աշխատանքները: Գիտական հետազոտություններում պարտադիր բաղադրիչ են գիտական փորձերը։ Դրանք արվում են կենդանիների վրա.
«Հետևել ենք ընթացքին, վարքային փորձերով ենք սկսել՝ մինչև գեղձի հեռացումը կենդանու վարքը, և վարքը՝ հեռացումից հետո։ Կենդանին հետազոտվել է նաև բուժման ընթացքում։ Վերջնական փորձերը կատարվել են էլեկտրաֆիզիոլոգիական գրանցումների միջոցով»։



Կարեն Սիմոնյանը, որ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նեյրոէնդոկրին փոխհարաբերությունների ավագ գիտաշխատող է, նշում է՝ իրենք փորձել են պարզել՝ ի՞նչ կապ կա հորմոնների անհամաչափության ու հիշողության կորստի միջև:
Վահանաձև գեղձի դեպքում դեռ գիտնականներին հայտնի չէ, թե ի՞նչ մեխանիզմով են առաջանում նեյրոնների վնասումները, ինչպե՞ս է խախտվում հիպոկանտը։ Ալցհայմերի դեպքում պարզ է, վահանաձև գեղձի դեպքում ՝ ոչ:
Հետազոտությունները անցկացնում են բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի միջոցներով։ Առանց դրամաշնորհների էլ կարողանում են հետազոտություններ կատարել, բայց հավելյալ ֆինանսավորումն օգնում է ձեռք բերել նաև նոր սարք-սարքավորումներ, ինչը պակաս կարևոր չէ գիտական լուրջ արդյունք ստանալու գործում։
Գիտնականներն արձանագրում են՝ գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է, այստեղ են՝ մարտահրավերները հաղթահարելու, առաջ գնալու համար։ Իսկ այս կենտրոնում միշտ էլ հետազոտություններ արվել են և ինչպես իրենք են բնութագրում՝ միակ շնչող կենտրոնն էր անգամ 90-ականների ծանրագույն ժամանակահատվածում:



Լիլյա Համբարձումյանը նույնպես այս լաբորատորիայի գիտաշխատող է, հետազոտական թիմի անդամ։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում է 2007 թվականից։ Ասում է՝ գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է, բայց է՛լ ավելի հետաքրքիր ու արդյունավետ է թիմով աշխատելն ու համագործակցելը տարբեր լաբորատորիաների հետ:
Թիմով աշխատելու առաջնային խնդիրը սարքերի պակասն էր, միմյանց օգնելով սկսեցին աշխատել ու հասկացան՝ միասին աշխատելն ավելի արդյունավետ է:
Գիտական հետազոտություններն ամփոփվում ու հրատարակվում են միջազգային ամսագրերում։ Ավելին, մինչև դրանք չեն տպագրվում, վերջնական արդյունքների մասին գիտնականները չեն խոսում։
Ի՞նչ է տալիս միջազգային ամսագրերում տպագրվելը հայ գիտնականերին։
Մասնագետներն ասում են, որ սա շատ կարևոր է, ավելին այս կամ այն թեման հետազոտելիս օտարազգի գիտնականները հիմնվում են նաև իրենց հետազոտությունների արդյունքների վրա: Ծրագրերը շատ են, մտքի ու գաղափարի պակաս երիտասարդ գիտնականները չունեն։ Դիմել են արդեն բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեին՝ նոր դրամաշնորհ ստանալու և հետազոտությունները շարունակելու համար։




