
Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը փորձել է ինքնասպանություն գործել Արևելյան Սեուլում գտնվող կալանավայրում, խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հաստատության ղեկավար Շին Յոն Հեն։
Ինչպես նշել է պաշտոնյան, այժմ նախկին նախարարի վիճակը անհանգստություն չի առաջացնում։ Նրա խոսքով, իրավիճակին անմիջապես միջամտել է քննչական մեկուսարանի աշխատակիցը:
«Բուժզննման արդյունքները ցույց են տալիս, որ բանտարկյալի առողջական վիճակը լավ է, առանց որևէ շեղումների», — ասվում է Հարավային Կորեայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ Սեուլի դատարանը ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով պաշտոնապես ձերբակալել է նախկին նախարարին:
Հետաքննության տվյալներով՝ Կիմ Յոնգ Հյուն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին երկրում ռազմական դրություն հայտարարել և հրամայել է զինվորականներ տեղակայել Ազգային ժողովի շենքում։
Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել: Խորհրդարանը արգելափակել էր նրա որոշումը, որից հետո նախագահը ստիպված չեղարկել էր այն։ Այս իրադարձություններից հետո ՊՆ ղեկավարը հրաժարական էր տվել, և հետաքննություն էր սկսվել։
Գործով ներգրավված է նաև նախագահը, որին արգելվում է լքել երկիրը։ Չորեքշաբթի ոստիկանները խուզարկության համար ներխուժել են նրա գրասենյակ։
Երկիրն այժմ քաղաքական քաոսի մեջ է, նշում են BBC-ի թղթակիցները։ Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ լիազորություններ ունի նախագահը. խորհրդարանը փորձել է իմփիչմենթի ենթարկել նրան, սակայն չի կարողացել:
Իմպիչմենթի նոր քվեարկությունը նախատեսվում է անցկացնել շաբաթ առավոտյան:
Ցուցարարները շարունակում են դուրս գալ փողոց՝ պահանջելով Յունի հրաժարականը։




