
«Արվեստը՝ հանուն խաղաղության» խորագրով մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Նրա յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են:
Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով:
Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:


«Զսպենք չարության պարկուճը» խորագրի ներքո ցուցադրվում է արվեստագետի 9 քանդակ։ Սա նրա առաջին միջազգային ձևաչափով ցուցահանդեսն է։
Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը, այնուամենայնիվ, դրանց նայելիս առաջինն աչքի է ընկնում հայկականությունը, ինչն իհարկե, հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու նպատակ ունի:

«Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է», -նշում է արվեստագետը։




