Մտքի ուժը

Բազմաֆունկցիոնալ հակաականային կոշիկ. հայ գիտնականների նորարարական նախագիծ․ «Մտքի ուժը»

Մոտ ութ ամսվա ուսումնասիրությունից, հետազոտությունից և համեմատական վերլուծությունից հետո հայ գիտնականները մշակել են բազմաֆունկցիոնալ հակաականային կոշիկի հայեցակարգային դիզայնի նախագիծ, որի նախատիպը՝ մոդելը, արդեն իսկ առկա է հայ դիզայներ-գիտնականների համակարգիչներում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Սրբուհի Զիրաքյանը մանրամասնում է.

«Դիզայնի ձևավորման ժամանակ մենք հարմար և հաճելի տարբերակ գտնելու նպատակով հենվել ենք մարդու ոտքի անատոմիայի և գոյություն ունեցող նմուշների կառուցվածքի վրա: Եռաչափ ծրագրերի միջոցով մոդելը հավաքելուց հետո հիմնական շեշտադրումը կատարել ենք այն հատվածների վրա, որոնք կոշիկները շուտ են վնասում և մարդու ոտքին վնաս են հասցնում: Փորձել ենք տարբեր նյութերի կիրառմամբ լուծել այս խնդիրը՝ օգտագործելով հազվադեպ կիրառվող սիլիկոն, մասնավորապես կոշիկի ծալվող և վնասվող հատվածներում»:

Նախագիծը մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Անի Աճառյանի խոսքով՝ այս աշխատանքը հնարավորություն է տվել ոլորտում խոր ուսումնասիրություն իրականացնել: Նա նշում է, որ զինված ուժերը միշտ եղել են համալսարանի և դիզայն ֆակուլտետի ուշադրության կենտրոնում՝ կենտրոնանալով այն ուղղություններին, որոնց բարելավումը կնպաստի զինվորական ծառայության ու աշխատանքի որակի բարձրացմանը:

Նախագծի առաջին փուլի մասին Աճառյանը նշում է, որ աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են մագիստրատուրայի ուսանողների հետ համատեղ: Խմբի անդամներից մեկը՝ դիզյան ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Լուիզա Պետրոսյանը, ընդգծում է, որ պաշտպանության ոլորտի վերաբերյալ տեղեկություններ գտնելը դժվար էր, սակայն նրանք հաջողեցին: Երիտասարդ գիտնականները իրենց ապագան տեսնում են Հայաստանում՝ գիտակցելով, որ չնայած դժվարություններին, գիտության զարգացումը կարևոր է:

Կարդացեք նաև

Back to top button