
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի վրա», — ասել էր Մարկ Լիբբին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Էկոսֆերա»-ին հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական որևէ համագործակցություն չկա։ Լսենք ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանին․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ոլորտում իրականացվող ծրագրեր ևս չկան։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) հետ համատեղ ծրագրի մասին։ Հայաստանը գործակալության հետ իրականացնում է ջրային ոլորտում «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում մշակվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների պլանը և գետերի ծանրաբեռնվածության հաշվարկման գործիքը։ Արդիականացվելու են Ախուրյան գետի վրա գտնվող երկու հիդրոլոգիական դիտակետեր, ինչպես նաև Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը։ Այս ծրագիրն արվում է միայն Հայաստանի հետ և ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից»։
Թեմայի շուրջ ավելի մանրամասն անդրադարձ կկատարենք առաջիկայում։




