
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայում՝ «Regent» թատրոնում, ղեկավարելով Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Նվագախումբը մաեստրո Սմբատյանի գլխավորությամբ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի համերգային կատարմամբ։ Երեկոն կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով։
Նախորդ համերգաշրջաններում որպես հրավիրյալ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Ֆիլհարմոնիա» նվագախումբը, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Բրատիսլավայի Սլովակ ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի:
2022-2023թթ․ համերգաշրջանում Սերգեյ Սմբատյանն ակտիվ համերգային շրջագայություններ է ունեցել Միացյալ Թագավորությունում Ռումինիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 2023թ. ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հյուրախաղերը Միացյալ Թագավորությունում, իսկ 2024 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած առաջին հյուրախաղերը:




