Տիկնիկը մարդկությանը հայտնի է վաղնջական ժամանակներից: Աշխարհի բազմաթիվ պեղավայրերում հայտնաբերվել են մարդակերպ արձանիկներ՝ երբեմն շարժվող վերջույթներով, որոնք հանդիսանում են տիկնիկների հնագույն նախատիպերը: Հնագիտական հետազոտությունները փաստում են, որ ամենահին տիկնիկի տարիքը հասնում է 30.000 տարվա:
Սկզբնական շրջանում այդ արձանիկները հիմնականում ունեին ծիսական նշանակություն: Ժամանակի ընթացքում նրանք աստիճանաբար վերածվեցին սիրված խաղալիքների և մշակութային կարևոր իրերի:
«Հարուստների և աղքատների երեխաների տիկնիկները խիստ տարբերվել են։ Հախճապակե տիկնիկները խիստ թանկ էին և հազվագյուտ, իսկ աղքատներն իրենց տիկնիկները պատրաստում էին ամենատարբեր նյութերից՝ փայտից, ծղոտից, լաթերից: Տիկնիկները միշտ եղել են իրենց ժամանակի կենսական ցուցիչները, հատկապես խորհրդային իշխանության օրոք»,-նշում է Երևանի պատմության թանգարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարիամ Խաչմանուկյանը: :
Խաչմանուկյանը հավելում է, որ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն տիկնիկների հատուկ թանգարաններ: Նա կարևորում է նմանատիպ թանգարանի անհրաժեշտությունը Երևանում՝ նշելով, որ կուտակված հարուստ նյութից մի մասն արդեն այսօր ցուցադրվում է Երևանի պատմության թանգարանում: