ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ավելի թանկագին՝ բոլոր իմաստներով․ առաջարկվում է փոխել քաղաքացություն ստանալու կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մարդը կվճարի ոչ թե 1000, այլ 50 000, քաղաքացիությունից հրաժարվելու համար ոչ թե 2500, այլ 150 000 դրամ․ սա օրենքում փոփոխություն կատարելու կառավարության նոր նախագծի մի կետն է։ Այժմ գործող տուրքերի չափը սահմանվել է 27 տարի առաջ՝ 1997-ին։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն անխուսափելի է մի քանի տեսանկյունից՝ ասում է ներքին գործերի նորանշանակ փոխնախարար, նախկինում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը․

«Հաշվի առնելով այս տարիների գնաճը և տեխնիկական փոփոխությունները, ինչպես նաև համեմատություններ իրականացնելով միջազգային փորձի հետ՝ մի շարք երկրներում որքա՞ն է սահմանված քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման համար տուրքերը, մենք առաջարկել ենք շնորհման պարագայում 50000 դրամ, քաղաքացիության դադարեցման պարագայում՝ 150 000 դրամ պետական տուրք։ Մենք դնում ենք մի խոսակցության սկիզբ, որը առնչվում է քաղաքացիության ինստիտուտի արժևորմանը։ Արդեն հիմա սկսում ենք աշխատել միգրացիոն ռազմավարության վրա և միգրացիոն ռազմավարության մեջ առաջին անգամ անդրադարձ ենք կատարում քաղաքացիության ռազմավարական խնդիրներին, որովհետև սա քաղաքացիության արժեքի գիտակցման հետ է կապված, և ինձ թվում է՝ մեր ցածր պետական տուրքերը նաև վկայում են, թե որքանով ենք մենք արժևորում մեր քաղաքացիությունը»։

Այս փոփոխությունը չի վերաբերում Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիություն շնորհելուն՝ շեշտում է փոխնախարարը։ Նրանք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կշարունակեն վճարել այժմ գործող 1000 դրամը, ուժի մեջ մտնելուց հետո գործընթացը նրանց համար կդառնա անվճար։

Հայաստանում քաղաքացիություն շնորհելու ինստիտուտը գործում է խիստ ծանրաբեռնվածությամբ՝ ասում է Արմեն Ղազարյանը։ Գործընթացի տեմպը փոքր-ինչ նվազել էր 2020-ին՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Այդ տարի շնորհվել է 7800 քաղաքացիություն, 2021-ին՝ 8 5000, 2022-ին՝ ավելի քան 25 000։ Սա պատմական ռեկորդն էր` ասում է։

«Ասեմ, որ այս տարի տեմպերը պահպանվում են․ 24 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում շնորհման գործերի քանակը 16 000-ից անցել է, այսինքն, կարող է մի փոքր նվազում լինի, բայց ընդհանուր առմամբ տեմպերը պահպանվում են»։

Խոսենք նաև քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերին՝ առաջարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։

«Ես էս հարցը պատահական չեմ տալիս, որովհետև անգամ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր դասարանցիների կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չգիտես ինչու, չունեն։ Մի դեպք պատմեցին, ես ուզում եմ դա բարձրաձայնեմ․ Երևանում գտնվող դպրոցի վերջին դասարանցիների մեջ միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեցողը ազգությամբ այլազգի աշակերտ է եղել։ Այս հարցով կարծում եմ, մենք պետք է արդեն շատ լուրջ զբաղվենք»։

ՆԳ փոխնախարարը համաձայն է՝ պետք է առերեսվել հետևյալ փաստին․ Հայաստանի Մայր օրենքը սահմանում է, որ անձը պետք է ունենա քաղաքացիությունից հրաժարվելու իրավունք, բայց այդ իրավունքը հաճախ իրացվում է զինծառայությունից խուսափելու համար։ Ներկայացնում է վերջին 3 տարիներին քաղաքացիությունից հրաժարվելու վերլուծությունը՝ առանց տարիքային շեմերն առանձնացնելու․

«2021-ին՝ 4984, 2022-ին՝ 4510, 2023-ին՝ 3687, 2024 թվականի 1-ին 9 ամիսների ընթացքում՝ 3107։ Միջինում տարեկան 4 հազարի մասին ենք խոսում։ Ունենք որոշակի ուսումնասիրություններ նաև տարիքային շեմի հետ կապված, կարծում եմ՝ ձեր մտահոգությունները վալիդ են այս առումով»։

Քննարկվող օրենքի նախագիծը մի քանի կարևոր հարցեր լուծելու խնդիր ևս ունի՝ ասում է Ղազարյանը։ Այսպես՝ առաջարկվում է ներդնել քաղաքացիության գործերի կառավարման էլկետրոնային համակարգ։ Մեկ միասնական՝ էլեկտրոնային միջավայրը հնարավորություն կտա հրաժարվել թանկ ու դժվար թղթային փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացուն հնարավորություն կտա միայն մեկ անգամ պարտադիր ներկայությունից հետո ստանալ քաղաքացիությունը՝ առանց պարբերաբար այցելությունների։

«Շատ կարևոր հանգամանք է նաև, որ քաղաքացիության ստացման պահից ի վեր, այսինքն՝ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց ի վեր, անձը կստանա հանրային ծառայության համարանիշ և կգրանցվի բնակչության պետական ռեգիստրում։ Ներկայումս այս գործընթացը տարանջատված է քաղաքացիության շնորհման գործընթացից և անձը հանրային ծառայության համարանիշ ստանում է անձնագրավորման ժամանակ, ինչը նշանակում է, որ անձի քաղաքացիության ստացման պահից մինչև անձնագրավորում ընկած ժամանակահատվածը քաղաքացի դարձած անձը չունի հաշվառում բնակչության պետական ռեգիստրում և չունի հանրային ծառայության համարանիշ»։

Արդյո՞ք այս գործընթացը կկրճատի քաղաքացիության տրամադրման ժամկետը՝ հետաքրքրվում են պատգամավորները։ Այժմ քաղաքացիություն շնորհելու գործը քննվում է 90 օր, այսինքն՝ մոտավորապես 4 ամիս, իսկ դադարեցման գործը՝ 6 ամիս։ Ժամկետները մնալու են անփոփոխ, ասում է Արմեն Ղազարյանը․

«Մենք ժամկետներին ձեռք չենք տվել, հաշվի առնելով վերջին շրջանում մեր ունեցած ահռելի հոսքը։ Սրա շնորհիվ ոչ թե ժամկետներն ենք կրճատում, այլ թողունակությունն ենք ավելացնում։ Հաշվել ենք, որ միավոր ժամանակում մեր թողունակությունը կարող է ավելանալ մոտավորապես 20%։ Եթե ամիսը կարողանում ենք քննել մոտավորապես 2100-2200 գործ, ապա արդեն կկարողանանք քննել, ուսումնասիրել և վարչական ընթացքով ապահովել 2500-2600 գործ»։

Մինչ օրենքի ընդունումը թղթային տարբերակով իրականացվող փաստաթղթաշրջանառությունը դեռ չի տեղափոխվի էլեկտրոնային հարթակ։ Դա կարվի աստիճանաբար՝ արխիվացման տրամաբանությամբ։ Գործերն էլեկտրոնային միջավայրում քննելու առաջին փորձը կարող է արվել ենթաօրենսդրական ակտի ընունումից հետո՝ 10 ամսվա ընթացքում։ Տեխնիկական ապահովման գործընթացը իրականացվելու է Եվրոպական Միության գործընկերների ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցաբար։

Ազգային Ժողովի Պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգ։

Կարդացեք նաև

Back to top button