
ՀՀ նախագահը Լեհաստանի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ Հայաստանը ցանկանում է և քննարկվում է այդ հարցը՝ Եվրամիության հետ քննարկել անվտանգային հարցեր:
Այն, որ ԵՄ հետ համագործակցությունը կարող է դուրս գալ գոյություն ունեցող հաստատված ծրագրերից, ԱԺ-ում ակնարկել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Պաշտոնյաները երբեմն պարզ, երբեմն քողարկված խոսում են անվտանգային հարցում ԵՄ հետ համագործակցելու հնարավորության մասին։ Կա նաև հստակ ծրագիր այդ ուղղությամբ, որի շրջանակներում առաջին քայլը ԵՄ կողմից արվեց այս տարի։ Խոսքը «Խաղաղության գործիքի» մասին, որի ընդլայնման շուրջ Հայաստանը և ԵՄ- ն համատեղ աշխատում են։
Եվրամիության հետ գործակցության առումով Հայաստանն առանձնակի կարևորում է 2024 թվականը․ սկսվել է կոնկրետ երկու ծրագրի շուրջ համատեղ աշխատանքը․ հայտարարությունը երկրի նախագահինն է։ Վահագն Խաչատուրյանն այս մասին հայտարարում է Լեհաստանի պաշտոնակից հետ հանդիպմանը՝ մանրամասնելով՝ խոսքը նաև «Խաղաղության գործիք»-ի մասին է։ Բայց սա ողջ ակնկալիքը չէ, ըստ Վահագն Խաչատուրյանի, որ Հայաստանն ունի ԵՄ-ից։ Առավել լուրջ են սպասելիքներն անվտանգային գործակցության ուղիներից։
Օրեր առաջ Բրյուսելում քաղհասարակության ներկայացուցիչները ԵՄ խորհրդարանում և ԵՄ հանձնաժողովում, ALDE–ի կուսակցության գրասենյակում և ԵՄ առանձին պատգամավորների հետ կարևոր հանդիպումներ են ունեցել` ներկայացնելով Հայաստանի անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները։ Մանրամասներ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը չի ներկայացնում, ասում է՝ քննարկումները փակ են եղել։
Իսկ որ Հայաստանը փորձում է ընդլայնել անվտանգային համագործակցությունը ԵՄ հետ՝ հաստատում է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ցանկություն կա, և քննարկվում է այդ հարցը՝ ԵՄ հետ քննարկել անվտանգային հարցեր»։
Ամիսներ առաջ խորհրդարանում Հայաստանի նման ցանկությունները հաստատել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ասաց՝ այժմ քննարկվում են հարցեր, և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան նախատեսում է SEPA-ն՝ ԵՄ հետ համագործակցության առավելապես տնտեսական և ֆինանսական հարթակը։ Մի շարք գործիքներ կան՝ ասաց Միրզոյանը՝ չբացահայտելով դրանք։
«Կան այլ գործիքներ, որոնց մասին մամուլում տեղեկություններ են պտտվում, որոնք նախատեսված չեն SEPA-ում և հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ընթացքում և հանդիպման արդյունքներով առնվազն Հայաստան-Եվրամիություն կտորով: Ահա այս հայտարարություններին և դիրքորոշումներին համահունչ՝ մենք ԵՄ հետ քննարկում ենք SEPA-ն և SEPA-ից անդին նոր գործիքներ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, մինչև շուկաներ, մինչև որակների ստանդարտների բարձրացում և այլն, և այլն՝ քաղաքական, տնտեսական։ Ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ նաև այլ տարրեր»։
Ապրիլի 5-ին Հայաստան-ԱՄՆ-ԵՄ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախանշվեց և հետագայում՝ հուլիսի 22–ին, ԵՄ կողմից հաստատվեց առաջին օգնությունը Հայաստանին նաև անվտանգության ոլորտում։ Հայաստանը հասանելիություն ստացավ Եվրոպական խաղաղության հաստատության «խաղաղության գործիքին»։ 10 միլիոն եվրո արժողությամբ այս աջակցության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Հատկացված գումարը Հայաստանն ինքն է տնօրինում, բայց՝ ոչ մահաբեր զենք գնելու համար։ Անգամ այս պայմաններով գործակցությունը Հայաստանի համար շահավետ է համարում «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Խաղաղության հիմնադրամը զենք չի մատակարարում: Հիմնադրամը քեզ ֆինանսական միջոցներ է տրամադրում։ Սա աջակցություն չէ, իհարկե, սրանք վարկային միջոցներ են, բայց բավական ձեռնտու տարբերակով։ Արդեն տվյալ պետությունը պետք է գտնի հնարավորություններ դրանք ձեռք բերելու համար։ Սա իրականում այն հիմնական աջակցությունը կարող է դառնալ, որի միջոցով զենքերի գնման հնարավորություն կունենանք: Դա ինքնին արդեն կարևոր ուղերձ է տարբեր երկրներին, այդ թվում՝ մեր հարևան երկրներին։ Արևմուտքը հիմա հասկանում է, որ աջակցություն պետք է տրամադրի Հայաստանին՝ վերականգնելու իր անվտանգությունը և անվտանգային մեխանիզմները։ Մնացածն արդեն Հայաստանի անելիքն է, և մենք մեր տեղում պետք է մեր տնային աշխատանքը իրականացնենք»։
ԵՄ «Խաղաղության գործիքից» օգտվում են բազմաթիվ երկրներ, այդ թվում, օրինակ, Ուկրաինան և Մոլդովան։ Հատկապես Ուկրաինայի օրինակով հարց է առաջանում, թե որքանո՞վ է Հայաստանի համար խաղաղության ֆոնդը հուսալի խաղաղության այլընտրանք անվտանգության հարցում, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայում ռազմական մատակարարումները Եվրոպայից տևական ժամանակ խնդիրների էին բախվում։ Այս դեպքում Գայանե Աբրահամյանը խոսում է գոյություն ունեցող անվտանգային այլընտրանքների մասին։
«Հայաստան այնպես չէ, որ շատ այլընտրանքներ ունի: Այնպես չէ, որ սրան զուգահեռ կա ևս մեկ այլ ընտրանք, որը դեռ պիտի քննարկենք՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել, որովհետև այն այլընտրանքը, որ ունեինք տասնյակ տարիներ, գոնե առնվազն 2021 թվականի մայիսի 12-ից, հասկանալի էր, որ այդ այլընտրանքը չի գործում: Կարծում եմ՝ այնպես չէ, որ մենք ուրիշ այլընտրանք ունենք»։
Ուշագրավ է, որ Խաղաղության հիմնադրամի հետ գործակցությամբ Հայաստանը ստանձնում է նաև որոշակի պարտավորություններ, որոնք ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքէջում։ Բացի նրանից, որ «Խաղաղության գործիքը» միտված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը, նաև արագացնելու է Հայաստանի զինված ուժերի փոխգործունակությունը՝ երկրի համար ապահովելու հնարավոր ապագա մասնակցությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայված։ Մասնավորապես, աջակցության միջոցառումների հաստատումը թույլ կտա բավարարել մեկ գումարտակի համար լիարժեք հագեցվածությամբ վրանային ավանի ծավալումը:

ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ջոզեպ Բորելը նույնպես խոսել է Հայաստան-ԵՄ անվտանգային համագործակցության մասին՝ նշելով, որ «Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգության բաղադրիչը հետզհետե ավելի կարևոր է դառնում»: Բորելը նշել է, որ փոխադարձ հետաքրքրություն ունեն ավելի ընդլայնելու արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսությունը՝ դիտարկելով ԵՄ առաքելություններին Հայաստանի ապագա մասնակցությունը:
ԵՄ-ից նշում են, որ «խաղաղության գործիքը» կիրառվում է Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա խարսխված ԵՄ գործընկերության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության խթանմանը։




